Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Տարածաշրջանի քաղաքական զարգացումներին Թուրքիայի միջամտությունն ուղղորդվում է Վաշինգտոնից

Մայիս 9, 2011թ. 10:15

Նրա դերը սահմանափակված է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելու առաջադրանքով

Երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական ելույթներ էր ունենում եւ իսլամական աշխարհում աճում էր նրա ժողովրդականությունը, «Ազգի» էջերում գրել էինք, որ այդ ելույթները ոչ այնքան պայմանավորված են թուրք-իսրայելական հակասություններով, որքան հետապնդում են Մերձավոր եւ Միջին Արեւելքում Իրանի հարաճուն ազդեցությունը հակակշռելու, դրանով էլ Անկարայի համար տարածաշրջանում առանցքային դերակատարություն ապահովելու նպատակ, որպեսզի Թուրքիան ձեռք բերի տարածաշրջանային գերտերության հնարավորություն:

«ՎիկիԼիքսի» այսպես կոչված բացահայտումները, վարկաբեկելով գլխավորապես տարածաշրջանի երկրների ղեկավարներին, ստեղծեցին Թունիսում ծայր առած հակակառավարական խռովությունը Հյուսիսային Աֆրիկայում եւ տարածաշրջանի երկրներում ծավալելու անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Խռովություններին իսկույն արձագանքեց ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը, հանդես գալով ընդդիմության պաշտպանի դերում:

Իրականում խնդիրը, ինչ խոսք, ընդդիմություն կոչվող ցուցարարները չէին, այլ տարածաշրջանը Վաշինգտոնի հայեցողությամբ վերակառուցելն ու վերակառուցման պայմաններում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելը: Թերեւս դա է պատճառը, որ հակակառավարական ցույցերը համաժողովրդական շարժման բնույթ չստացած, քաղաքացիական պատերազմի թատերաբեմ են դառնում այն երկրները, որոնք որպես սպառնալիք են դիտարկվում ամերիկյան քաղաքականությանը:

Ակնհայտ է, որ ցուցարարների հետ բախումները Արեւմուտքին տալիս են իշխանություն-ընդդիմություն պայքարին միջամտելու հնարավորություն: Մի դեպքում միջամտությունը ենթադրվում է պաշտոնից հրաժարվելու պահանջ ներկայացնել տվյալ երկրի ղեկավարին, այսինքնՙ քաղաքական ճնշում գործադրել նրա վրա, ինչպես Եգիպտոսում էր, իսկ մյուսՙ որպես պաշտոնանկ անելու միջոց դիմել ռազմական գործողություններին, ինչպես Լիբիայում:

Միջամտության հնարավորությունից դերակատարության հավակնությունները հիմնավորելու նկրտումներով օգտվում է նաեւ Թուրքիան: Քանի որ Թուրքիայի ղեկավարները դա որպես կանոն անում են ԱՄՆ-ի նախագահից հետոՙ կրկնելով վերջինի հորդորները, ուստի թուրքական միջամտություններն անցնում են ապարդյուն: Օրինակ, վարչապետ Էրդողանը «ժողովրդի ձայնին ականջ դնելու եւ պաշտոնից հրաժարվելու» պահանջով Հոսնի Մուբարաքին էր դիմել Բարաք Օբամայից հետո, ընդ որումՙ այդ նույն ոճով, իսկ Թուրքիայում Եգիպտոսի դեսպանը կտրականապես հակադրվել է նրան, ընդգծելով, որ Թուրքիան չի կարող մոդել հանդիսանալ Եգիպտոսի համար: «Ազգը» ժամանակին արձագանքել էր Թուրքիայում Եգիպտոսի դեսպանի հայտարարությանը:

Մոտավորապես նույն իրավիճակն է նաեւ Լիբիայում: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Էրդողանի մայիսի 3-ի հայտարարությանը, որտեղ Թուրքիայի վարչապետը զբաղեցրած պաշտոնից անհապաղ հրաժարվելու եւ Լիբիայից հեռանալու կոչով Մուամմար Քադաֆիին դիմելիս նորից կրկնեց Օբամային: Դրա պատասխանը, սակայն, չուշացավ:

Մայիսի 4-ին Լիբիայի փոխարտգործնախարար Խալիդ Կայիմը Տրիպոլիում հայտարարեց, որ դա Թուրքիային ամենեւին չի վերաբերում: Ի դեպ, Թուրքիան արդեն փակել է Տրիպոլիում իր դեսպանատունը: Ըստ երեւույթին դա պայմանավորված է Լիբիայում տիրող հակաթուրքական տրամադրություններով, որոնց մասին անձամբ արտահայտվեց վարչապետ Էրդողանը:

Չի բացառվում, որ շուտով հակաթուրքական տրամադրություններ առաջանան նաեւ Սիրիայում, քանի որ վարչապետ Էրդողանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին դիմելիս նորից կրկնել է «ժողովրդի ձայնին ականջ դնելու» ԱՄՆ-ի նախագահի կոչը, իհարկե, ժողովուրդ ասելով վերջինի նման նկատի է ունեցել խռովարարներին: Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա դա էլ արեւմտյան մամուլի օրինակով հեղեղված է սիրիական հոդվածներով: Այլ կերպ, թուրքական մամուլն էլ Սիրիայում ծայր առած ցույցերի հարցում ընդհանուր առմամբ հետեւում է աշխարհի այսպես կոչված առաջնակարգ լրատվամիջոցներին, որպեսզի ցանկատեսությամբ ապակողմնորոշի համաշխարհային հասարակական կարծիքին, թե Բաշար Ասադը խաղաղ ցուցարարների դեմ դիպուկահարներ է օգտագործում, երկրում համատարած ձերբակալություններ են եւ վեջին շաբաթների ընթացքում, ինչպես երեկ գրել էր «Դունյա Բյուլթենի» լրատվական գործակալությունը, ավելի քան 500 ցուցարար է սպանվել:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հյուսիսային Աֆրիկայի եւ տարածաշրջանի քաղաքական զարգացումներում Թուրքիայի միջամտությունն ուղղորդվում է Արեւմուտքից, այսինքնՙ Անկարայի միջնորդական առաքելությունը չի կարող ինքնուրույն նախաձեռնության արդյունքը լինել: Սա նշանակում է, որ նա տարածաշրջանում ոչ թե ինքնուրույն նախաձեռնությամբ դերակատարություն է ստանձնելու, այլ այդ դերակատարությունը նրան Վաշինգտոնից տրամադրելու են, որպեսզի միանա այն երկրներին, որոնց դերը սահմանափակվում է ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունն ապահովելու առաջադրանքով:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ, «Ազգ»
ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն