Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Սերժ Սարգսյան. Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ և՛ս լռեցնելու ենք թշնամուն

Մայիս 9, 2011թ. 10:00

Serj SargsyanՆախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ վետերաններ,

Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:

Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան:

Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, և՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, և՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ  պսակեցին իրենց անունը:

1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ:

Այսօր և մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի և բարբարոսության նկատմամբ: Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն և որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրև բարոյական և քաղաքական լիցք:

Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ և՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների և ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլևս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է և նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը և շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն