Գլխավոր » Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բյուր աղոթք և օրհնություն Հայրենի մեր երկրի պաշտպանության համար նահատակված հայորդիների լույս հիշատակին

Մայիս 9, 2011թ. 12:01

VehaparԱմենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Մայիսի 9-ի` Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել համայն հայ ժողովրդին: Ուղերձում մասնավորապես ասվում է.
ՙՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն հավատավոր Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:
Մայիսի 9-ը, որ մեր կյանքում նշանավորվում է Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում մեր ժողովրդի հաղթանակներով, Հայրենիքի պաշտպանության պանծալի խորհուրդն ունի մեզ համար:
Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած քաջարի հայորդիք` նշանավոր զորահրամանատարներ ու արիասիրտ զինվորներ, անձնվիրումով ու հերոսաբար պայքարեցին հանուն աշխարհում խաղաղության հաստատման: Հայրենասեր ու քաջարի նույն ոգով մեր ժողովրդի զավակները ազատագրեցին Շուշին` մեծ հաղթությամբ պսակելով արցախյան ազատամարտը և ազատ ու անկախ ապրելու մեր ժողովրդի արդար իրավունքը:
Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև գոհություն և փառաբանություն ենք առաքում Բարձրյալն Աստծուն, որ խաղաղ երկնակամարի ներքո պահպանում է մեր Հայրենիքը և Քրիստոսասեր մեր ժողովրդին ողջ աշխարհում: Հայցում ենք, որպեսզի Ամենախնամ Տերը երկնային զորակցությամբ արդյունավորի հանուր հայության ջանքերը` ի խնդիր ազգային-եկեղեցական կյանքում նորանոր ձեռքբերումների, հայրենի երկրի բարգավաճման և հավատքով պայծառ, գիտությամբ ու մշակույթով ծաղկուն գալիքի:
Բյուր աղոթք և օրհնություն Հայրենի մեր երկրի պաշտպանության համար նահատակված հայորդիների լույս հիշատակին:
Թող Հայրենիքի պաշտպանության պարծանքը միշտ փայլի մեր ժողովրդի հոգում: Եվ թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, օրհնությունն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն՚:
###


Դիտել Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն