Գլխավոր » Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյան. «Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը»

Մայիս 8, 2011թ. 18:30

10Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին հանդես է եկել շնորհավորական ուղերձով Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ ւղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագին վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հարգելի զինվորներ, սպաներ, գեներալներ.

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսի 9-ը մեզ համար դարձել է ամենաթանկ ու նվիրական տոներից մեկը: Այն խորհրդանշում է մեր ազատատենչ ժողովրդի անկոտրում կամքն ու հաղթական ոգին, նրա անձնուրաց նվիրվածությունն ու հավատարմությունը Հայրենիքին եւ, իհարկե, հավատը լավի ու բարու հաղթանակի հանդեպ:

Դրա վառ ապացույցը եղավ մեր պապերի ու հայրերի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Մյուս ժողովուրդների հետ պայքարելով դարի գորշ ժանտախտի` ֆաշիզմի դեմ, նրանք կործանումից փրկեցին համայն մարդկությանը:

Տարիներ հետո, երբ Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, նրանց հերոսական օրինակով դաստիարակված սերունդները ապացուցեցին, որ իրենց նախնիների արժանի հետնորդներն են եւ նույնպես հաղթանակներ արձանագրեցին կենաց-մահու պայքարում: Դա ամենից առաջ Պաշտպանության բանակի ծնունդն էր, կանոնավոր ու մարտունակ բանակի, որն այսօր էլ հանդիսանում է մեր անկախության ու անվտանգության հիմնական երաշխավորը: Դա Շուշիի ազատագրումն էր, որը դարձավ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակներից մեկը: Դա նաեւ մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն էր, ժողովուրդ, որը կարողացավ բռունցքվել օրհասական պահին եւ պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը:

Այս հաղթանակները իրականություն դարձնելու ճանապարհին իրենց կյանքը զոհաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե~րժ փառք ու պատիվ Մեծ Հայրենականում եւ Արցախյան ազատամարտում նահատակված խիզախ հայորդիներին:

Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ` կյանքի տարբեր բնագավառներում»:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն