«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն հանդիպեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության պատգամավորներ Հրայր Կարապետյանն ու Լիլիթ Գալստյանը Ազգային ժողովում հանդիպեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուին, Թինա Շյոնին (տեղակալ), Անդրեաս Բեյքերին (նախագահի խորհրդական):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ խնդրի կարգավորման, բանակցային գործընթացի, ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, Հայաստանի անվտանգության, առաջիկա ընտրություններին ընդառաջ ընտրական ընթացակարգերի վերանայման, դատական իշխանության, ուժային կառույցների բարեփոխման եւ այլ հարցեր:
Ներկայացնելով «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությունը` Ստյոպա Սաֆարյանը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ Արցախի Հանրապետության ճանաչմանն այլընտրանք չկա, քանի որ ԼՂ ազգաբնակչությունն արդեն իսկ իրացրել է ապագաղութացման ու ինքնորոշման իր իրավունքն այնպես, ինչպես ԽՍՀՄ նախկին հանրապետությունները: Սաֆարյանի խոսքով` այս 20 տարիների ընթացքում ԼՂՀ-ն ապացուցել է իր կենսունակությունը որպես պետություն եւ բավարարում է պետություններին ներկայացվող հիմնական չափանիշներին: Խմբակցության ղեկավարը մտահոգիչ համարեց այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքի չճանաչվածությունը եղել եւ մնում է պատերազմական գործողությունների հիմնական խթանիչը. վաղ 90-ականների ռազմատենչ Ադրբեջանը նախահարձակ պատերազմ սանձազերծեց` մտածելով, թե ինքնորոշվածխ Արցախն իրեն է պատկանում եւ կարող է Լեռնային Ղարաբաղը զավթել ցանկացած միջոցով: Եւ Արցախի չճանաչվածությունը նման մի նոր պատերազմի ռիսկ է ստեղծում նաեւ այսօր ու հանգեցրել է Ադրբեջանի անթույլատրելի չափերի սպառազինման` նույնատիպ մտայնությամբ, ինչ 90-ականներին: Սաֆարյանը դիտարկում կատարեց, որ եթե նախկինում Հայաստանն ու ԼՂՀ-ն թանկ գին վճարեցին իրենց պարտադրված պատերազմի, ապաեւ թուրք-ադրբեջանբանան համատեղ շրջափակման դիմաց, ապա այսօր գին են վճարում նաեւ բանակցությունների համար, քանի որ վերջին տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ամեն մի հանդիպումից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանը դիմում է դիվերսիոն քայլերի` սպանելով հայ զինվորների ու սպաների:
Ընտրական համակարգի կապակցությամբ Սաֆարյանը կարեւորեց ԵԱՀԿ-ի ու նրա Խորհրդարանական վեհաժողովի դերակատարումը 2012 եւ 2013թ.թ. ընտրությունների ժողովրդավարական ընթացքն ապահովելու առումով: Տարակուսանք հայտնելով նախկին ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների տված երկիմաստ զեկույցների ու գնահատականների կապակցությամբ` նա հույս հայտնեց, որ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու առումով Հայաստանին հղվող ուղերձներն առաջիկայում կլինեն հստակ, իսկ գնահատման չափանիշներն էլ` բարձր: Նաեւ ցանկություն եղավ, որպեսզի ընտրական ընթացակարգերի վերանայումը, ինչն այս պահին ընթանում է, լինի ներառական ու բազմակողմանի, եւ կարեւորագույն խնդիրների լուծումները ձեռք բերվեն ընդդիմություն-իշխանություն կոնսենսուսի եղանակով:
Անահիտ Բախշյանը խոսեց դատական համակարգի արատների ու անկատարության մասին եւ, իբրեւ դրա ամենթարմ օրինակ, վկայակոչեց Տիգրան Փոստանջյանի դեմ պատվիրված գործը, երբ կոռուպցիայի աղաղակող փաստերն անտեսող իշխանությունը շինծու գործերով քրեական հետապնդում է իրականացնում ակտիվ քաղաքական գործչի` Զարուհի Փոստանջյանի եղբոր դեմ` նրան լռեցնելու եւ կաշկանդելու նպատակով:
Դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանն իր հերթին ներկայացրեց ՀՅԴ կուսակցության գաղափարախոսությունը եւ դիրքորոշումները քննարկման առարկա հարցերի կապակցությամբ: ՀՅԴ պատգամավորը նույնպես կարեւորեց Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը: Կարապետյանը մտահոգիչ համարեց այն, որ շփման գծում հաճախակի դարձած դիվերսիաների կապակցությամբ միջազգային հանրության գնահատականները հասցեական չեն եւ ուղղված չեն հրադադարի ռեժիմը խախտող ու դիվերսիաներ հրահրող կողմին` Ադրբեջանին, եւ փորձում են պատասխանատվության բեռը հավասարապես բաշխել հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ: Կարապետյանը խոսեց ուժային կառույցներում իրականացվող բարեփոխումներից, որոնց աջակցում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Հրայր Կարապետյանը մասնավորապես անդրադարձավ ընտրական օրենսգրքի կապակցությամբ «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» ընդդիմադիր կուսակցությունների համատեղ առաջարկություններին, դրանց ընդունումը կարեւորեց ընտրական գործընթացի նկատմամբ լայն հանրության վստահությունը ամրապնդելու կապակցությամբ: Այդպիսիներից նա վկայակոչեց ընտրողների ստորագրությամբ ցուցակների հրապարակման, ընտրական հանձնաժողովներն ընդդիմության ու իշխանության հավասար ներկայացվածությամբ կազմավորելու առաջարկները:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահողը կարեւորեց խորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումը, ափսոսանք հայտնելով, որ միշտ չէ, որ հաջողվում է ընդդիմության ներկայությունն ապահովել վեհաժողովի աշխատանքներին (նախկինում «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը խոչընդոտվել էր Վեհաժողովին մասնակցելու առումով): Նա նշեց, որ, որպես Եվրասիական հսկայական տարածաշրջանի անվտանգության հարցերով մասնագիտացած կառույց ԵԱՀԿ շարունակելու է ակտիվ աջակցություն ցուցաբերել անդամ երկրների ժողովրդավարացման, մարդու իրավունքների եւ ԶԼՄ-ների ազատության ապահովման, դատական ու արդարադատության համակագերի բարեփոխման, լավ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրությունների դիտարկման եւ այլ հարցերում: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի առաջիկա ընտրությունների ժամանակ դիտարկման առաքելությամբ Հայաստան կժամանի ԵԱՀԿ մեծաքանակ դիտորդական խումբ:
Խոսելով Արցախյան խնդրի մասին, Պետրոս Էֆտիմիուն նշեց, որ իրենց առաջնային նպատակներից են հանդիսանում քայլ առ քայլ խնդրի խաղաղ լուծմանը հասնելը, հակամարտ կողմերի միջեւ հաղորդակցություն ապահովելը, վստահության միջոցների ամրապնդումը, շփման գծից դիպուկահարներին հեռացնելու` նախկինում կայացված որոշման իրագործումը, ինչը մեծ ջանքեր է պահանջում, լարվածության թուլացումը տարածաշրջանում: Նա վերահաստատեց իրենց դիրքորոշումն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության ամենափորձառու, հեղինակավոր ու մասնագիտացված հարթակն է եւ ամենեւին օգտակար չի լինի խնդրի կարգավորումն այլ ատյաններ տեղափոխելը:












