Ասվում է, թե ծննդօգնությունն անվճար է, բայց դրամաշորթության դեպքերը շարունակվում են
Հայաստանի առողջապահության ոլորտում 2008թ-ի հուլիսի 1-ից ներդվեց ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման կարգը: Ինչպես նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը, ներկայումս այդ կարգը աշխատում է արդյունավետ: Ըստ նրա, պետական հավաստագրերի տրամադրումը ծննդօգնության ծառայությունը դարձրել է մատչելի բոլորի համար:
Չնայած ծննդօգնությունը հանրապետությունում անվճար իրականացնելուն ուղղված քայլերին` այնուամենայնիվ, հիվանդանոցներում գրանցվում են ծննդաբերողներից ու նրանց հարազատներից դրամաշորթության տարբեր դեպքեր:
Օրերս ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Երևանում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների ղեկավարների հետ: Նախարարը նշել է, որ ծննդօգնության ոլորտում, հատկապես սեփականաշնորհված հիմնարկներում, վերջերս նկատվում է մանկաբարձական հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման չափորոշիչի դրույթների խախտում: Ըստ նախարարի, խնդիրը նաև երկրի նախագահի ուշադրության կենտրոնում է, քանի որ ծննդօգնությունը 2008թ. հուլիսից ֆինանսավորվում է ծննդօգնության հիմնարկների կողմից հաշվարկված իրատեսական գներով, հարցը կարգավորված է պետական մակարդակով և այն պետք է անվճար լինի Հայաստանի ողջ բնակչության համար: Հ.Քուշկյանը հանձնարարել է վերանայել գործելակերպը, ապահովել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, այն է` իրականացնել բացառապես անվճար ծննդօգնություն:
Նշենք, որ 2009թ–ի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 19670 ծնունդ` 2008թ.-ի 18407-ի դիմաց: Հետաքրքրական է, որ այդ աճը արձանագրվել է Երևանում գրանցված ծնունդների հաշվին: Այսպես, Երևանում այս տարվա վեց ամիսներին գրանցվել է 9135 ծնունդ, ինչը 1749-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Իսկ մարզերում 2009թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է 10535 ծնունդ, ինչը 536-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ծնունդների առումով անկում է արձանագրվել գրեթե բոլոր մարզերում: Աճ է արձանագրվել միայն Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Մարզերից ամենաշատ ծնունդներ գրանցվել են Շիրակում` 1582 (2008թ.-ի առաջին կիսամյակում` 1430), իսկ ամենաքիչը` 292 (2008թ.-ի առաջին կիսամյակում` 336), Վայոց Ձորում:
Ա.Հ.












