Դատարանը կքննի «ժառանգության» բողոքը
Մայիս 18, 2011թ. 17:16
Վաղը` մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր . Խանդանյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, ինչպես նաև Սեդա Մելիքյանի, Դավիթ Սանասարյանի և Արամ Ենոքյանի` 09.03.2011թ. Հաղորդումը հանցագործության մասին անհետևանք թողնելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես` քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ս.թ. մարտի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի գործողության ժամանակ ոստիկանների կողմից ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավորների և մի խումբ քաղաքացիների հանդեպ ապօրինի գործողություններին, ինչի վերաբերյալ պատգամավորների և քաղաքացիների կողմից Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդումը հանցագործության մասին մինչ օրս մնացել է անհետևանք:
Տեղեկացնենք նաև, որ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին այսօր ներկայացրել է Հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է 04.03.2011թ ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի այն որոշմանը, որում մասնավորապես նշված է, որ Զարուհի Փոստանջյանը մարտի 3-ին Հանրապետության հրապարակում դրսևորելով անհարգալից վերաբերմունք ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իբրև թե քաշել և պոկել է ոստիկանության լեյտենանտ Արտյոմ Հակոբյանի ուսադիրները: Եվ պատգամավորը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել նշյալ սուտ մատնության փաստի առթիվ:
Հատկանշական է, որ ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ վերոնշյալ դատական նիստի նախապատրաստական փուլում ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դիմել էր գործի վերաբերյալ նյութերի պատճեններին ծանոթանալու պահանջով: Եվ քննիչի նշյալ որոշումը նույնպես եղել է այդ նյութերում: Ենթադրելի է, որ դատաքննության ընթացքում նոր ու հետաքրքրաշարժ հանգամանքներ դեռ էլի ի հայտ կգան:












