Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Ժառանգության» հանդիպումները եվրոպացի դիվանագետների հետ

Մայիս 19, 2011թ. 14:30

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵՄ պատվիրակության երեւանյան գրասենյակում հանդիպեցին ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դեսպանատների դիվանագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Միացյալ Թագավորության Նորին Մեծության դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն,  Շվեդիայի թագավորության դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների թագավորության դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները:

Րաֆֆի Հովհաննիսյանը համապարփակ ներկայացրեց «Ժառանգության» մոտեցումները Հայաստանի ներքին ու տարածաշրջանային մարտահրավերների, անվտանգության խնդիրների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հովհաննիսյանը վերահաստատեց «Ժառանգության» նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներին ու ազատություններին, իրավունքի գերակայությանը, իշխանության ճյուղերի տարանջատվածությանը եւ հակակշռվածությանը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը:  Տարածաշրջանային ու անվտանգության խնդիրների համատեքստում նա խոսեց Արցախի Հանրապետության ճանաչման հրամայականի, պատմության հետ առերեսմամբ ու առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտության, Հայաստանի ինքնիշխանությանը նետված մարտահրավերների, Հայաստանի երկկողմ ու բազմակողմ հարաբերություններին իրավահավասարություն ու հորիզոնական բնույթ հաղորդելու կարեւորության մասին:

Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը խորհրդարանում, իսկ Զարուհի Փոստանջյանը` քաղաքացիական հասարակության դաշտում: Եվրոպացի դիվանագետներին ներկայացվեց վերջին շրջանում ԱԺ նիստերին «Ժառանգություն» խմբակցության չմասնակցելու նախապատմությունն ու հիմնավորումները, խորհրդարանական ընդդիմության առաջարկների ու կարծիքների համընդհանուր մերժման մարտահրավերները:

Դեսպանների խնդրանքով Հովհաննիսյանը եւ «Ժառանգության» պատգամավորները ներկայացրեցին նաեւ իրենց տեսլականը ապագա ընտրությունների ու դրանց մարտահրավերների կապակցությամբ: Կարեւորվեցին խորհրդարանական մեծամասնություն-ընդդիմություն երկխոսության, փոխզիջումների ճանապարհով ընտրական օրենսգիրք ընդունելու ու համակարգային բարեփոխումներ իրականացնելու,  2008թ. մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի, անաչառ եւ խորքային քննության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու տեղի ունեցածին ճշգրիտ իրավա-քաղաքական պաշտոնական գնահատական տալու, հավաքների իրավունքի անխոչընդոտ եւ ազատ իրացման հարցերը` որպես ապագայում նման ողբերգության բացառման երաշխիք:

Նախօրեին  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին ու նրա գլխավորած պատվիրակությանը, իսկ Զարուհի Փոստանջյանը` Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն