Պոլուխով. «Ադրբեջանը չի անդամակցի որևէ ռազմական դաշինքի»
«Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել որևէ ռազմական դաշինքի»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը: Այս մասին հաղորդում է Salamnews-ը:
Պոլուխովը ասել է, թե պաշտոնական Բաքուն հանդես է գալու որևէ ռազմական դաշինքին չանդամակցելու մասին հայտարարությամբ` Չմիավորվածների շարժման անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 16-րդ նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու մայիսի 25-27 Ինդոնեզիայում:
Մամլո ծառայության ղեկավարի խոսքերով, Ադրբեջանը նշված նիստի ընթացքում կստորագրի հատուկ փաստաթուղթ:
Նրա պնդմամբ, Ադրբեջանը հետագայում ևս չի անդամակցելու որևէ ռազմական դաշինքի:
Պոլուխովը նշել է, որ դա ապացուցում է Ադրբեջանի պատրաստակամությունը վարել ավելի բաց արտաքին քաղաքականություն և ցույց է տալիս նրա վերաբերմունքը ռազմական դաշինքների նկատմամբ:
«Երբ այլ երկրներ կառուցեն իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ, նրանք հաշվի կառնեն այս հանգամանքը»,-նշեց Է. Պոլուխովը:












