Արցախի Հանրապետության նախագահի ուղերձը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի
Ու ղ ե ր ձ ը
<<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման
իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>>
թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին
/Ստեփանակերտ, 20 մայիսի 2011թ./
Գիտաժողովի հարգելի մասնակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ Արցախյան հողում եւ շնորհավորում <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման իրավական, քաղաքական եւ պատմական հիմքերը>> խորհրդաժողովի մեկնարկի կապակցությամբ:
Ներկայացուցչական նման միջոցառումների անցկացումը մեր հանրապետությունում դարձել է ավանդույթ, ինչը ողջունելի է եւ վկայում է Արցախի նկատմամբ տարբեր երկրների ու բարձր հեղինակություն ունեցող գիտավերլուծական կենտրոնների չմարող հետաքրքրության մասին:
Այն, որ գիտաժողովը կազմակերպվել է ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի եւ Արցախի մայր բուհի կողմից, ցույց է տալիս նաեւ մեր երկրի իշխանությունների եւ գիտակրթական հատվածի շահագրգռվածությունը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող հայաստանյան ու արտասահմանյան համապատասխան կառույցների հետ կայուն կապեր հաստատելու գործում:
Ձեր կողմից քննարկվելիք թեմաներն ունեն եւ գիտական, եւ քաղաքական կարեւորություն` իրենց մեջ ներառելով արցախյան պետականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային եւ գլոբալ հարթություններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող տարբեր խնդիրներ: Հարցերի դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություն կտա ավելի խոր պատկերացում կազմել իրավիճակի մասին եւ ավելի ճշգրիտ կանխատեսել հնարավոր զարգացումները:
Վստահ եմ, որ գիտաժողովը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները, էլ ավելի կամրապնդի եւ կընդլայնի քաղաքական ու վերլուծական շրջանակների միջեւ փոխգործակցությունը:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք եւ ամենայն բարիք:












