Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ում մեկնարկեց գիտաժողովը

Մայիս 20, 2011թ. 17:32

Ս.թ. մայիսի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատանքներն  սկսեց ՙԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը՚ թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որն անց է կացվում ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման ու համակարգման պետական հանձնաժողովի և  Արցախի պետական համալսարանի համատեղ ջանքերով։   Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բացման խոսքը գիտաժողովում։

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ ՂՈՒԼՅԱՆ

Բացման խոսք

ՙԼՂՀ կազմավորման իրավական, քաղաքական և պատմական հիմքերը՚ թեմայով գիտաժողովում

Գերաշնորհ սրբազան հայր

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ

Թանկագին հյուրեր

Տիկնայք եւ պարոնայք

Արցախի Հանրապետության իշխանությունների անունից պատիվ ունեմ ողջունել բոլորիդ այստեղ` Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

Մեր երկրի համար նման միջոցառումների անցկացումն արդեն բարի  ավանդույթ է դարձել: Ներկա գիտաժողովն անցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում` այդ առթիվ գործող պետական հանձնաժողովի եւ Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ:

Դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Մենք այստեղ ենք, որպեսզի ոչ միայն գնահատենք ու վերաիմաստավորենք անկախության անցած տարիները, այլեւ, որ, կարծում եմ ավելի կարեւոր է, նախանշենք կողմնորոշիչներ, որոնք մեզ կօգնեն  ավելի վստահաբար շարժվել դեպի միջազգային ճանաչում տանող ճանապարհով:

Մենք գտնում ենք, որ հարցի շուրջ ցանկացած անկողմնակալ քննարկում ցուցադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր հայրենիքում ազատ եւ ինքնիշխան, անվտանգ ապրելու եւ զարգանալու ձգտումների անթերի համապատասխանությունն այն հիմնական սկզբունքներին, որոնցով առաջնորդվում է միջազգային հանրությունը:

Այսպես ասելիս ես չեմ փորձում կանխորոշել գիտաժողովի մասնակիցների մոտեցումները: Մենք, ի տարբերություն ուրիշների, կարողանում ենք լսել նաեւ տարբեր տեսակետներ: Դա նաեւ օգտակար  է եւ նպաստում է, որպեսզի Արցախի հասարակությունը կարողանա փաստարկված ու հիմնավորած պաշտպանի սեփական ընկալումները:

Կասկած չունեմ, որ երկօրյա քննարկումների եւ, ինչու չէ, բանավեճի ընթացքում մենք խնդիրը համակողմանի վերլուծելուց զատ շրջանառության կդնենք այնպիսի նոր գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Արցախի իշխանությունների համար` իրենց հետագա գործունեության մեջ ավելի հաստատուն լինելու առումով:

Յուրաքանչյուր նման միջոցառումից հետո մենք կարծես ավելի ենք հարստանում եւ հարստացնում: Կարծում եմ, որ քաղաքական գործիչների եւ հատկապես երիտասարդ սերնդի փորձագետների համար դա մի յուրօրինակ դպրոց կլինի:

Համոզված եմ, որ կայացած ավանդույթն այսօր ավելի է ամրապնդվում: Իսկ դա մեր քաղաքագիտական մտքի հետագա զարգացման եւս մեկ հիմնաքարն է:

Մեր գիտաժողովն արդեն ծրագրման փուլում ստացել է միջազգայինի կարգավիճակ, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ այսօր այս դահլիճում մեզ հետ են ռուսաստանյան հանրաճանաչ հասարակական-քաղաքական գործիչներ ու փորձագետներ: Մեր հրավերին նաեւ արձագանքել են ՀՀ-ից գիտնականներ եւ քաղաքագետներ:

Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել բոլորիդ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ Արցախի Հանրապետության, խաղաղության եւ համագործակցության:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն