Գլխավոր » Լրահոս

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակցել է միջազգային զբոսաշրջային տոնավաճառ-ցուցահանդեսին

Սեպտեմբեր 30, 2009թ. 15:00

Սեպտեմբերի 22-ից 25-ը Ֆրանսիայում կայացած միջազգային զբոսաշրջային տոնավաճառ-ցուցահանդեսին մասնակցում էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` առանձին տաղավարով: Դրա համար պետբյուջեից 6 միլիոն դրամ է հատկացվել. միջոցներ են ընդգրկվել նաև մասնավոր սեկտորից: Արցախ վերադառնալուն պես ԼՂՀ զբոսաշրջության  վարչության  պետ Սերգեյ Շահվերդյանը իր տպավորություններով հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Ֆրանսիա մեկնած արցախյան պատվիրակության կազմում էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ: ԼՂՀ զբոսաշրջության վարչության հետ ցուցահանդեսին մասնակցել են նաև «Զբոսաշրջության զարգացման գործակալությունը»  և «Զբոսաշրջային կենտրոնը»:

Մասնակիցների ընտրության միայն մեկ սկզբունք է գործել` մասնակցության ցանկությունը,- վստահեցնում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ  Շահվերդյանը:

Ինչպես միշտ, այս անգամ էլ ադրբեջանական կողմը անտարբեր չի մնացել  միջազգային ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության մասնակցության փաստի նկատմամբ: Բողոքներ են ուղարկվել ընդհուպ մինչև ֆրանսիական արտգործնախարարության հասցեով:

Այս պարագայում ԼՂՀ պատվիրակության մասնակցության  ապահովումը Սերգեյ Շահվերդյանը կարևորում է առավելապես քաղաքական տեսանկյունից: Դա հաջողվել է իրագործել ինչպես Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության , այնպես էլ Ֆրանսիայում Հայաստանի ու Ղարաբաղի բարեկամների, մասնավորապես, Ֆրանսուա Ռոժբլուանի ջանքերով: Վերջինս հասցրել է նաև Արցախի տաղավարում լինել:

Այս ամենի կողքին Սերգեյ Շահվերդյանը նաև զուտ զբոսաշրջային ձեռքբերումներն է կարևորում:

Զբոսաշրջության վարչության պետը ԼՂՀ մասնակցությունը  կարևորում է ինչպես, քաղաքական այնպես էլ տնտեսական տեսակետից: Դրա իրական արդյունքները, սակայն, անմիջապես չեն երևա:

Ինչևէ, Արցախը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը նաև հետագայում: Զբոսաշրջային վարչությունում արդեն նախապատրաստվում են մոտ երկու շաբաթից Իտալիայում կայանալիք ցուցահանդեսին, արդեն ավելի ընդլայնված կազմով:

Ն. Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն