Գլխավոր » Տնտեսություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Չիլիի Հանրապետություն

Մայիս 25, 2011թ. 13:12

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո:
Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ Գոնաչին:
Սանտյագոյից Նորին Սրբությունն ուղևորվեց Վալպարաիսո` մասնակցելու Չիլիի Ազգային ժողովի նիստին, որի ընթացքում Չիլիի պետական տոնի` Նավատորմի փառքի օրվա առիթով նախատեսված էր երկրի նախագահ Միգել Խուան Պիներայի ելույթը: Ազգային ժողովի հանդիսավոր նիստից հետո Նորին Սրբությունը մասնակցեց տոնական շքերթին, ապա հանդիպեց Չիլիի նախագահ Միգել Խուան Սեբաստիան Պիներային:
Երեկոյան Սանտյագոյում, ՙԻնտերկոնտինենտալ՚ հյուրանոցի հանդիսությունների սրահում, Վեհափառ Հայրապետը հանդիպեց Չիլիի հայ համայնքի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Չիլիի քաղաքական գործիչներ: Նորին Սրբությունը, դիմելով ներկաներին, ուրախություն հայտնեց հանդիպման համար: Հայրապետը նաև ողջունեց պետական, քաղաքական և կրոնական գործիչների ներկայությունը հանդիպմանը` այն նկատելով հարգանքի արտահայտություն Չիլիի հայորդիների հանդեպ և հայորդիների միջոցով հարգանքի դրսևորում Հայոց Հայրապետի հանդեպ: ՙԳոհություն է մեզ համար, որ աշխարհում սփռված հայորդիներն ամենուր, ինչպես և այստեղ` Չիլիում, արթուն են պահում իրենց հոգիներում լույս հավատքը մեր հայրերի, որ հայոց կյանքում արմատավորվեց քարոզչությամբ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների: Սիրելի հայորդիներ, ազգային-եկեղեցական կյանքում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները ոգևորություն ու քաջալերություն են մեզ համար, իսկ խնդիրներն ու մարտահրավերները` ահազանգ և կոչ` միաբանությամբ, միասնական գործունեությամբ դիմագրավելու, մեկմեկու զորակցելու, նեցուկ լինելու և համախումբ ջանքերով լուծումներ գտնելու: Այս առումով կարևոր է նաև բոլորիս նախանձախնդիր գործունեությունը, քանզի Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ամենքինս է: Յուրաքանչյուր հայ` որպես մի մասնիկը մեր ժողովրդի, գիտակցելով, որ հոգու պարտք ունի ողջ հայության առջև, պիտի գործի ոչ միայն անձնական, այլև համազգային մեր բարեկեցության և բարօրության, մեր ողջ ազգի փրկության համար: Մեր բազում ազգային նպատակները, նվիրական իղձերն ու երազանքները իրականություն կդառնան, երբ մեր անհատական կյանքը լույս դարձնենք մեր հավաքական կյանքի համար` հավատքից բխող առաքելության նոր կենսագործումներով՚, – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մայիսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Սանտյագոյի արքեպիսկոպոս Ռիկարդո Էցցատիի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` կարևորելով երկու Եկեղեցիների միջև եղբայրական գործակցության առավել ամրապնդումն ու արդյունավորումը: Զրույցի ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Չիլիի Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական բարձրագույն կրթական հաստատությունում հայ հոգևորականի ուսման և կեցության վերաբերյալ, որով նաև Չիլիի հայ համայնքը, ի դեմս ուսանող հոգևորականի, կունենա իր հոգևոր հովիվը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց Սանտյագոյի Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ հավատացյալ հայորդիների մասնակցությամբ աղոթք բարձրացրեց Չիլիի հայ համայնքի զորացման, համայն հայության ու Մայր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի համար:
Կաթոլիկ համալսարանի եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցական արարողություն: Հավատացյալներին ուղղված խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ խաչի խորհրդին, նշելով, որ Տերունական խաչից բխող կենսատու ուժով է զորացել մեր ժողովուրդը, դիմակայել փորձությունների ու արհավիրքների և, հաղթահարելով դժվարություններ ու նեղություններ, իր մեծ հավատքի շնորհիվ կերտել է նոր կյանք` խարսխված ազգային արժեքների ու սրբությունների վրա: Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև առաջիկային հայ համայնքին սպասավորություն բերելու համար Չիլի մեկ հոգևորականի ծառայության կոչելու մասին, ինչը հավատացյալները ողջունեցին բուռն ծափահարություններով:
Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց նաև Սանտյագոյի ՙՀայ տուն՚, ուր տեղի ունեցավ խաչքարի օրհնություն և հոգեհանգստյան արարողություն` համայնքի հանգուցյալ անդամների հոգիների խաղաղության համար աղոթքով: ՙՀայ տանը՚ կազմակերպված ճաշի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Չիլիի Հայ գաղութային վարչության ատենապետ Խուան Պաբլո Գույումջյանին, վարչականներին և նրանց գործակիցներին` Հովվապետական այցի պատշաճ կազմակերպման համար: Վեհափառ Հայրապետը, նաև դիմելով ներկաներին, հորդորեց ամուր պահել ազգային ոգին ու ավանդույթները, շարունակել հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն և մեր պատմության ու անցյալի ձեռքբերումների արժևորումով` կերտել նոր օրը հայոց լուսառատ գալիքի:
Նույն օրը երեկոյան Նորին Սրբությունը և Վեհափառ Հայրապետին ուղեկցող շքախումբը ուղևորվեցին Վենեսուելա:

ArmAr.am


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն