Եռանախագահների կոչում բացակայում է կոնկրետ հասցեատերը
Ֆրանսիայի Դովիլ քաղաքում ամենազարգացած ութ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների տարածած հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի թեմայով, թվով երրորդ փաստաթուղթն է:
Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված առաջին երկու հայտարությունները ընդունվել են 2009-ին եւ 2010-ին։ Որո՞նք են տարբերություններն ու ընդհանրությունները այս երեք հայտարարությունների միջեւ:
2009-ին իտալական Աքվիլա, 2010-ին կանադական Մուսկոկա, հիմա արդեն՝ ֆրանսիական Դովիլ: Սրանք այն քաղաքներն են, որտեղ կայացած հավաքների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագրերով:
“Մեծ ութնյակի” երեկվա հայտարարությամբ, Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլա Սարկոզին կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր կատարել:
Այս անգամվա հայտարարությունը, չնայած որոշ ուշագրավ կետեր, այնուամենայնիվ, պարունակում է, սակայն կրկին ընդհանուր կոչ է անում՝ զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից: Բացակայում է կոնկրետ հասցեատերը։
2009 թվականի հուլիսի 10-ին նախագահները, համատեղ հայտարարությամբ, հաստատեցին իրենց հանձնառությունը, որ սատարելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաջաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնականացման հարցում:
“Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորում ենք լուծել իրենց միջեւ մնացած մի քանի տարաձայնությունները, եւ վերջնականացնել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցումը, որոնք ուրվագծելու են համապարփակ կարգավորման ծրագիրը”:
2010 թվականի հունիսի 26-ի Մուսկոկայի համատեղ հայտարարությամբ, երեք նախագահները ողջունեցին այն հանգամանքը, որ երկու կողմերն էլ ճանաչում են՝ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան հիմնարար սկզբունքների եւ այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են 2009 թվականի Աքվիլայի գագաթաժողովում արված հայտարարությունում: Խոսքն այն վեց կետերի մաիսն է, որոնք բազմաթիվ քննարկումների նյութ դարձան։
“Այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հաջորդ քայլը կատարեն եւ ավարտին հասցնեն հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը, ինչը թույլ կտա սկսել խաղաղության համաձայնագրի մշակումը”:
Իսկ Դովիլի հայտարարությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները հորդորում են կողմերին իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի:
“Ուժի գործադրումն է հանգեցրել ներկա հակամարտությանը եւ անկայունությանը: Դրա վերստին կիրառումը կբերի միայն նոր տառապանք եւ ավերածություն ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից”,- ասված է հայտարարության մեջ:
Ի տարբերություն նախորդ հայտարարությունների, դովիլյան համատեղ հայտարարությամբ երեք նախագահները կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ կոնկրետ որոշումներ կայացնել առաջիկա հանդիպման ժամանակ։ Այն, ոչ պաշտոնական տվյալներով, Ռուսաստանի նախաձեռնությամբ, կայանալու է այս տարվա հունիսի 25-ին:
Երեք երկրների նախագահները միաժամանակ զգուշացրել են, որ հակառակ պարագայում կասկածի տակ է դրվելու բանակցողների անկեղծությունը։ Այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել ապագայում հրապարկվելիք 4-րդ համատեղ հայտարարության մեջ։












