Բողոքի ակցիա Տիգրան Փոստանջյանի` պատվիրված քրեական գործով դատավարության դեմ
Մայիս 30, 2011թ. 16:26
Այսօր ժամը 12.00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` նվիրված Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի դատավարությանը:
Հիշեցնենք, որ այսօր արդեն 20-րդ օրն է, ինչ Տիգրանը հացադուլի մեջ է, որով նա իր բողոքն է հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրող նվաստացուցիչ պայմաններից և իր դեմ կիրառվող ապօրինի կալանքից:
Ակցիային մասնակցում էին բազմաթիվ քաղաքացիներ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամները, պատգամավորները, ովքեր պահանջում էին անհապաղ դադարեցնել անօրինական քրեական հետապնդումը և ազատ արձակել քաղաքական պատանդ Տիգրան Փոստանջյանին: Ակցիան ուղեկցվում էր հետևյալ կարգախոսներով.
- Մեր սերնդի կարգախոսն է` ազատություն, արդարություն, արժանապատվություն
- Հեղափոխությունից սարսափողներ, ազատության հաղթարշավը անկասելի է
- Մենք բոլորս Տիգրան ենք
- 37 թիվը չի կրկնվի
- Ո°չ ստալինյան օրենքներին
- Չե’ք վախեցնի
- Հայտարարություն` վարձով է տրվում ազատ բանտախուց: Պատվերների համար դիմել նախագահական: Գինը` պայմանագրային
- Ներքին օգտագործման դատարան
- Փնտրվում է Տիգրան Փոստանջյանին մեղադրող հոդվածը
- Արթուր Մկրտչյան, ձեզ վեր մի° դասեք օրենքից
- Հարկերը` մեզնից, գործ սարքելը` ձեզնից
- Համաներումից հետո թափուր բանտախցեր` նոր անմեղների համար
- Հաշվեհարդար հայկական տարբերակով
ArmAr.am












