Եվրոպացի լրագրողը ահազանգում է Ադրբեջանի ռազմատենչության դեմ
վրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Սլովակիայի հայտնի «Տիժդեն» շաբաթաթերթի այսօրվա համարի 12 էջերը նվիրված են արցախյան հարցի լուսաբանմանը: Հոդվածաշարի հեղինակն է հայտնի լրագրող և լուսանկարիչ Անդրեյ Բանը, որը ապրիլ ամսվա վերջին մեկ շաբաթն անցկացրել է Արցախում:
Արցախյան լուսանկարներով հարուստ հոդվածաշարում Անդրեյը փորձել է օբյեկտիվորեն վերլուծել, ինչպես ինքն է նկատում, եվրոպացու համար մինչ օրս դեռ անհասկանալի մնացած արցախյան հիմնախնդիրը: Լրագրողը մի կողմից արցախյան խնդիրը ներկայացնում է որպես հայ ժողովրդի ողբերգություն, մյուս կողմից, սակայն, իբրև հայության կարևորագույն հաղթանակ:
Արցախում գտնված ժամանակ լրագրողը դառնում է մի ողբերգական դեպքի ականատեսը` ադրբեջանական ագրեսիայի հերթական փաստի վկան. արցախա-ադրբեջանական ճակատային գիծն այցելու պահին Անդրեյի աչքի առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվում է հայ զինվորը: Շաբաթաթերթում առանձին հոդվածով ներկայացնելով մտահոգիչ փաստը, անհանգստությամբ ու ցավով ներկայացնելով տեղի ունեցածը, լրագրողն արդարացիորեն ահազանգում է. «Այն Ադրբեջանի կողմից պատերազմական իրավիճակ ստեղծելու ագրեսիվ փորձ է»,- ապա իր լրագրողական պարտքն համարելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել կատարվածի վրա, վրդովված հարց է ուղղում գերտերություններին. «Ի՞նչ են արել հայերը այսպիսի ճակատագրի արժանանալու համար»:
Խոսելով Աղդամի մասին Անդրեյ Բանը գրում է. «Աղդամը ռազմական կենտրոն էր, որտեղից ադրբեջանցիները մշտապես ռմբակոծում էին մայրաքաղաք Ստեփանակերտի և հայկական այլ քաղաքների ուղղությամբ: Հայերը չէին կարող չլռեցնել ռմբակոծությունները»: Ապա, եվրոպացու համար հասկանալի լեզվով հավելում. «Հայերի համար այն մի վտանգավոր ռազմական կենտրոն էր, ինչպիսին հադիսանում էր Բեռլինը` երկրորդ համաշխարհայինի ժամանակ»:
Առանձին հոդվածներով լրագրողն անդրադառնում է Ադրբեջանի կողմից հայության դեմ իրականացված ցեղասպանություններին` Սումգայիթ, Բաքու, ապա վերլուծում գորբաչովյան սխալները, «բացահայտում» արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբրված ռազմական օժանդակությունը և այլն:
Հոդվածաշարն ավարտվում է հայ ժողովրդի մշակութային, ճարտարապետական արժեքների հանդեպ խորը ակնածամքով ու գնահատանքի խոսքերով. ներկայացնելով Գանձասարը Անդրեյ Բանը նկատում է. «Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը փառքի են արժանի շնորհիվ այսպիսի բարձրարվեստ ճարտարապետական կոթողների»:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ողջունելով հոդվածաշարի տպագրումը մեծ տպաքանակ ունեցող «Տիժդեն» շաբաթաթերթում, կարևորել է արցախյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ լրատվության դերը, այն համարելով կարևոր քայլ Միջին Եվրոպայի երկրներում Արցախի անկախության խնդիրը վերջնակետին հասցնելու գործընթացի ճանապարհին:
Ա.Ս
ArmAr.am












