«Արաբական գարունը» կտեղափոխվի՞ այլ երկրներ
Ազգային ժողովի ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության կազմում (կազմը` Արտակ Զաքարյան (ՀՀԿ), Ստյոպա Սաֆարյան (Ժառանգություն) Զաբելա Ղազարյան (քարտուղար), ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյան) մասնակցեց Վեհաժողովի գարնանային նիստերի աշխատանքներին:
Սաֆարյանը մասնակցելով արաբական աշխարհի հեղափոխություններին նվիրված քննարկմանը այսպիսի հարց է ուղղել արաբական ուսումնասիրությունների կենտրոնի դոկտոր Բիչարա Խադերին` «արաբական գարնան» այլ երկրներ տեղափոխվելու հնարավորության շուրջ: Սաֆարյանը, մասնավորապես, խնդրեց ավելի հանգամանորեն անդրադառնալ Թուրքիային, Ադրբեջանին, որոնք հեղինակի դիտարկումներում բացակայում էին, ինչպես նաեւ` Իրանին, որն առկա էր հավանական երկրների ցանկում: Դոկտոր Խադերը նման տարբերակումը բացատրեց նրանով, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այն աստիճան դիկտատորական չեն, ինչպես Եգիպտոսն ու Թունիսն էին, իսկ Իրանի պարագայում վկայակոչեց վերջին նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները` որպես նման գործընթացի սկիզբ:












