Տիգրան Փոստանջյանը 100 օրից ավելի ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, որից 22 օրը` հացադուլի մեջ
Հունիսի 3-ին, ժամը 12.00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի կունենա ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի դեմ ապօրինի քրեական հետապնդման գործով դատական հերթական նիստը: Նախադեպը չունեցող այս գործի մտահղացման հեղինակները, ինչպես նաև կատարողները` ՀՀ գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը, տեսնենք, թե վաղն ինչպիսի վարքագիծ կդրսևորեն այն փաստի վերաբերյալ, որ ներկայումս գործող ՀՀ քրեական օրենսգրքով այն արարքը, որով մեղադրվում է Տիգրան Փոստանջյանը, այլևս գոյություն չունի:
Անկախ համարվող դատական իշխանության ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանի համար վաղվա դատական նիստը կարող է շրջադարձային լինել: Զարուհի Փոստանջյանի եղբորը ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ առաջադրած մեղադրանքը ուժը կորցրած է ճանաչվել ՙՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ մայիսի 25-ից ուժի մեջ մտած ՀՀ օրենքով, և դատավորը պետք է նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացներ, ինչը չի կատարել: Տիգրան Փոստանջյանի դեմ կատարված հանցագործությունը օրինականացնել փորձող յուրաքանչյուր դատավոր կդառնա մեղսակից ու հանցակից և չի խուսափելու պատասխանատվության իր աստիճանից: Տիգրան Փոստանջյանը 100 օրից ավելի ապօրինաբար գտնվում է կալանքի տակ, որից 22 օրը` հացադուլի մեջ:












