Մեռնենք ու գնանք հաշվիչ փոխելու
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչները խուճապի են մատնվել, երբ հայտնվել է էլցանցի աշխատակիցը և տեղեկացրել, որ գյուղացիները ՀՀ Էլցանցերին պարտք են 40 մլն դրամ:
10 տարվա ընթացքում սա էլցանցի առաջին «հիշեցումն» է գյուղացիներին: Բնակիչներն արդարացիորեն բողոքում են. ՙԵվ սա այն դեպքում, երբ 500 դրամ պարտքի դիմաց անջատել են մեր հոսանքը՚:
Հիմա, ինչպես ասում են, անցնենք մեր ոչխարներին. Էլցանցերի ղեկավարության բախտն այս անգամ չի բերելու, քանի որ վճռականորեն տրամադրված գյուղացիներն այս ընթացքում բացահայտել են էլցանցի մի շարք կեղծիքներ: Այսպես, պարզվել է. որ տարիներ շարունակ ծախսած էներգիայի դիմաց տրված անդորրագրերը չեն համապատասխանում էլցանցի ներկայացրած էպիկրիզներին, կեղծվել են բնակիչների ստորագրությունները: Կեղծիքը նույնիսկ զավեշտի է հասել. պարզվում է, որ 2002, 2003-ին գյուղի մահացած բնակիչները 2008-ին ՙգնացել՚ ու ստորագրել են իրենց հաշվիչների փոփոխության համար: Մահը մերն է, բայց ոչ էլցանցերինը:Սա հիշեցնում է ընտրությունների ժամանակ օգտագործվող «մեռած հոգիների» հայտնի մեխանիզմը` մարդը չկա, բայց ստորագորւոթյունը հո կա:
Այժմ Գայի բնակիչները, իրենց գյուղատնտեսական աշխատանքները թողած, զբաղված են էլցանցերի կեղծիքները բացահայտելով ու անարդարության դեմ պայքարելով: Դիմել են էներգետիկայի նախարարին, նախագահի վերահսկողական ծառայությանը. առաջինը ստեղծել է հանձնաժողով` ստեղծված իրավիճակը պարզելու համար, իսկ երկրոդը խոստացել է լուծել խնդիրը: Ոչ մեկից, ոչ մյուսից մինչ օրս պատասխան չի ստացվել:
ArmAr.am, «Իրատես de facto»












