Գլխավոր » WestArmenia, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Մշակույթ, Ով է թուրքը

Թուրքիայում հայկական եկեղեցիներն օգտագործվում որպես ռազմական հենակայաններ

Հունիս 21, 2011թ. 16:32

Demoyan-ArmAr.amArmAr.am էլեկտրոնային օրաթերթի  հարցազրույցը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ

Միջազգային իրավունքի տեսակետից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայումս ի՞նչ կարգավիճակ ունեն:

-Գործող միջազգային իրավունքի եւ պայմանագրերի հիման վրա Թուրքիայի տարածքում գտնվող կրոնական հուշարձանները, գերեզմանները, աղոթատեղիները պետք է տրվեն կրոնական համայնքին: Սա սահմանված էր Լոզանի պայմանագրով, ինչը տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները կոպտորեն խախտել են: Բացի մի քանի եկեղեցիներից, որոնք գործում են Ստամբուլում, մնացած վայրերում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ավերվել ու ոչնչացվել է թուրքական պետության կողմից: Հայկական հուշարձանների ավերմանը գործուն մասնակցությում են ունեցել  թուրքական ուժային նախարարությունները, տեղական մարմինները, ոստիկանությունը, բանակը: Մենք փաստեր ունենք, երբ հայկական հուշարձանը փլուզել են պայթուցիչով,  հասկանելի է, որ դա չէր կարող հասարակ մարդու ձեռքի գործը լինել: Մարդիկ պատմամշակութային հուշարձանի քարերն օգտագործել են որպես շինանյութ եւ դա չի կանխվել թուրքական իշխանությունների կողմից, չնայած Թուրքիան բազմաթիվ միջազգային փաստաթղթերի տակ ստորագրել է` խոստանալով պահպանել հայկական մշակութային ժառանգությունը: Գործող միջազգային պայմանագրերով այդ ամբողջ ժառանգությունը պետք է տրվեր հայկական համայնքին, բայց այսօր դա տիրազուրկ գույք է, իսկ պատասխանատու համարվող  թուրքական պետությունը չի կանխում  գանձագողերին, մշակութային հուշարձանների քարերը գողացողներին: Եվ այս գողությունը չի պատժվում թուրքական պետության կողմից:

Ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման, վերականգման ու դրանց հետագա ոչնչացումը կանխարգելելու ուղղությամբ:

– Այսօր, բացի մի քանի դրվագներից, որոնց նպատակը աշխարհի աչքին թոզ փչելն էր, քայլեր որ միտված էին տեղեկատվական դաշտում թուրքական կողմի համար  դրական իմիջ ստեղծելուն,  ոչինչ չի արվել: Ընդհանուր առմամբ, շարունակվում է հայկական հուշարձանների գիտակցաբար ու միտումնավոր ոչնչացման գործընթացը: Դեռեւս շարունակվում են գերեզմանների պղծման դեպքերը, երկու տարի առաջ Անիում պղծվեց Կատրամիդե թագուհու գերեզմանը: Դեռեւս մի քանի տարի առաջ թուրքական մի ընկերությունը վաճառում էր գանձախույզների համար նախատեսված մետաղորսիչ սարք, որի  օգտգործման կանոններում նշվում էր, որ այն կարող է գործածվել  քրիստոնեական եկեղեցիների հիմքի տակ եւ գերեզմաններում գանձեր որոնելու համար: Եթե այս սարքի արտադրությունը չի կանխվել թուրքական պետության կողմից եւ ազատորեն դրված է վաճառքի, ուրեմն, պետությունը լուռ խրախուսում է նման գործունեությունը: Մինչ օրս բազմաթիվ եկեղեցիներ են օգտագործվում որպես ռազմական հենակայաններ, Թուրքան ուղղակի օգտագործում է հայկական հուշարձանները սեփական կարիքների ու, առաջին հերթին, բանակի համար: Նման դեպք մենք ունենք Անիի միջնաբերդում, Վանից ոչ հեռու գտնվող Սուրբ Բարդուղեմեոսի հռչակավոր վանական համալիրը ևս նույն նպատակների համար է ծառայեցվել:  Չորրորդ դարի այս եկեղեցում է ամփոփված  Քրիստոսի առաքյալներից մեկի մարմինը, այն այսօր վերածված է ռազմական պահեստարանի:

Հայկական հուշարձանների վերականգնումը թուրքական ձեռագրով որոշակիորեն ենթադրում է նաեւ դրանց ինքնության ոչնչացում: Դասական օրինակն Անին է, որտեղ բազմաթիվ արձանագրություններ ու խաչքարեր ռեստավրացիայի` վերականգնման անվան տակ ուղղակի կորստի մատնվեցին: Այդպես անհետացավ Անիի զինանշանը պահպանող խաչը:  Ինչ վերաբերում է հետագա ոչնչացումը կանխելուն, ապա այդ ուղղությամբ որեւէ գործուն եւ մասշտաբային քայլ չի ձեռնարկվում: Մենք կարող են արձանագրել Ախթամարը որպես  լավ օրինակ, բայց դրա կողքին չենք կարող չնշել նույնպես 10-րդ դարի Կարսի սուրբ Առաքելոց տաճարը, որը վերածվեց մզկիթի:

Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վերականգնողական աշխատանքներում ընդգրկվո՞ւմ են, արդյոք, հայ մասնագետներ` ճարտարապետներ, հնագետներ ու չափագիրներ:

– Այս պահին թուրքական կողմից համագործակցության առաջարկ չունենք, վերջինս պատրաստակամություն չի հայտնել ընդունել վերականգնող մասնագետների որեւէ խումբ: Դա կարող է կատարվել ինչպես խնդրով զբաղվող պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների մակարդակով: Այստեղ կարեւոր հանգամանք է  ցանկության ու քաղաքական կամքի արտահայտումը, որը թուրքական կողմը չի դիսևորվում, եւ սա պետք է դիտարկել հայերի հանդեպ թուրքի ունեցած վախի համատեքստում: Եթե Անիի վերականգնման աշխատանքներում ընդգրկված լինեին հայ մասնագետներ, ճակատագրական սխալներ թույլ չէին տրվի ու Անիի որոշ հուշարձանների խայտառակ վերականգնում տեղի չէր ունենա: Թուրքական կողմին անհրաժեշտ էր հայ հուշարձանների համար ապահովել որոշակի լղոզված ինքնություն:  Հուշարձանները միտումնավոր կերպով զրկվում են իրենց ինքնությունից, այսինքն` հայկականությունից: Չի նշվում այդ հուշարձանների հայկական լինելը, մեր քաղաքակրթության մշակութային նմուշ հանդիսանալը:

Որքանո՞վ է այսօր թուրք հասարակությունը տեղեկացված Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության մասին:

– Այն տարածքներում, որտեղ ժամանակին հայեր էին ապրում եւ ենթարկվեցին ցեղասպանության, դեռեւս հիշողություններ կան հայերի մասին: Տեղի բնակիչները քաջատեղյակ են թե’ գյուղի հայկական անվան, թե’ այնտեղ հայկական թաղամասերի ու մինչ օրս էլ կիսականգուն հուշարձանների մասին: Խոսքը վերաբերում է ինչպես այդ տարածքներում ապրող քրդերին, այնպես էլ թուրքերին: Տեղացիները շատ լավ գիտեն, որ դրանք հայկական տարածքներ են, քանի որ հայկականության ցուցիչները` եկեղեցիները, աղոթատեղիները եւ գերեզմանները, մինչ օրս առկա են: Ճամփորդելու ժամանակ տեղի բնակիչներն իրենց պապերից լսած շատ պատմություններ են պատմում հայերի մասին, ասում են բնակավայրերի հայկական անունները:

Ներկայիս Ստամբուլի պատմա- ճարտարապետական դիմագիծը ձեւավորել են նաև հայ ճարտարապետների գործերը: Ի՞նչ առանցքային դերակատարություն են ունեցել հայերն այդ հարցում:

-Թուրքիայի տարածքում, և հատկապես, Ստամբուլում եղել են ճարտարապետների մի քանի գերդաստաններ, որոնց ներկայացուցիչները, ուսումնառություն ստանալով Եվրոպայի նշանավոր ճարտարագիտական կենտրոններում, դասական ճարտարապետական արժեքները բերել են Թուրքիա: Նրանք են Ստամբուլը զարդարել բացառիկ ճարտարապետական հուշարձաններով: Բալյաններն այս առումով առանձնահատուկ են, բայց ուշագրավ է հատկապես Սինանը, որի հայկական ծագումն այլեւս կասկած չի հարուցում: Նա մահմեդականացված կեսարացի հայ էր եւ հեղինակել է ժամանակակից Ստամբուլի ճարտարապետական ուրվագիծը համարվող մի շարք կառույցներ, այդ թվում` հանրահայտ Սուլեյմանիե մզկիթը:

Հարցազրույց վարեց Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆԸ

ArmAr.am


Դիտել WestArmenia, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Մշակույթ, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն