Զոմբիացնող նոր շարժում
Վերջերս հայ երիտասարդության շրջանում տարածում է գտել «պլանկինգ» կոչվող էքստրեմալ «սպորտաձևը», որը թարգմանաբար նշանակում է տախտակություն կամ տախտակացում: Այն նույնիսկ հասցրել է գրանցվել մեր երկրում, անգամ ստեղծվել է պլանկինգի ֆեդերացիա, որը ղեկավարում է ոմն Վաձ Ղազարյանը:
«Տախտակացում» տարօրինակ անունը կրող «սպորտաձևի» կարգախոսն է` «Հնարավորինս շատ մտնել տախտակի կաշվի մեջ», իսկ դրա համար պահանջվում է հորիզոնական դիրքով պառկել անհավանական ու անհնարին տեղերում, օրինակ, բարձրահարկ շենքի կտուրին, կամ աստիճանների բազրիքներին, բարակ ձողի վրա, իբրև տախտակ կարող է ծառայել անգամ պատուհանագոգը, այնպես որ մարմնիդ մի մասը կախված լինի օդում:
Պարզվում է որպես սպորտաձև մեր երկիր ներթափանցած այս հերթական աղանդ-խեղկատակությունը բրիտանացի Գարի Կլարկսոնի և Քրիստիան Լենգդոնի հիվանդ երևակայության ծնունդն է: Բիրտանացի «զույգն» իր հոտևորդներին հրահանգում է առաջնորդվել` «Որքան կյանքի համար վտանգավոր, այնքան օրիգինալ» սկզբունքով: Ոչ պակաս տարօրինակ է և այն, որ «սպորտաձևի» մասնակիցներից պահանջվում է այդ էքստրեմալ պահը լուսանկարել կամ տեսանյութի վերածել, և ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեներով: Դե, անգլիացիները երևի որոշել են մի լա~վ հրճվել իրենց հետևորդ խեղկատակների վրա, բայց ոչ միայն: Կյանքի համար խիստ վտանգավոր այս «սպորտաձևն» իրականում սպորտի անվան տակ կազմակերպվող միջազգային շարժում է, իսկ թե ի՞նչ ուժեր են կանգնած շարժման թիկունքում, ովքեր են հովհանավորում դրա տարածումը, հայտնի չէ: Բայց մի բան պարզ է, որ շարժմանը երիտասարդությանը մասնակից դարձնելն ամենևին ինքնանպատակ չէ, գոնե բնույթից կարելի է կռահել` նպատակը զոմբիացումն է:
Ցավալին այն է, որ կան երիտասարդներ, որոնք աղանդի այս տեսակը պարզամտորեն ընկալում են իբրև սպորտաձև, չգիտակցելով, որ կյանքով են հատուցելու:
Հ.Գ. Հարց` հարցերից խուսափող Ազգային անվտագության ծառայությանը. ինչպե՞ս է լինում , որ նման վտանգավոր շարժումներն անագելք մուտք են գործում ու գրանցվում Հայաստանում:
Արմինե Սիմոնյան
ArmAr.am, «Իրատես de facto»












