Գլխավոր » Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Մշակույթ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Հայ ճարտարապետներն են եվրոպական նորը բերել Թուրքիա

Հունիս 25, 2011թ. 18:29

arm.ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը -Մատենադարանի գիտաշխատող, հայ եւ թուրք ժողովուրդների համակեցության պատմությունն ուսումնասիրող մասնագետ Անահիտ Աստոյանի հետ:

Միջազգային իրավունքի տեսակետից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները ներկայումս ի՞նչ կարգավիճակ ունեն:

– Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանները հիմնականում չեն գործում, կիսավեր են, որոշ դեպքերում էլ հողին հավասարեցված, այլևս գոյություն չունեն: Հայկական հատուկենտ եկեղեցիներ գործում են միայն Ալեքսանդրեթի սանջակում. սա այն տարածքն է, որն ավելի ուշ է բռնակցվել Թուրքիային: Այստեղ էլ եկեղեցիները մշտապես չեն գործում, քահանաներ չկան, եւ միայն տոների եւ ուխտագնացությունների ժամանակ է հայ բնակչության համար ծիսական արարողակարգ կատարվում: Ինչ վերաբերում Ստամբուլին, ապա այստեղ կա մոտ երեսուներկու առաքելական հայկական եկեղեցի,  գործում է պատրիարքարանը, կրթական որոշ հաստատություններ:

Ի՞նչ քաղաքականություն է վարում Թուրքիան հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման, վերականգման ու դրանց հետագա ոչնչացումը կանխարգելելու ուղղությամբ:

Թուրքական պետության քաղաքականությունն այս հարցում անփոփոխ է եղել, նրանք միշտ առաջնորդվել են հայկական հետքը մաքրելու, քրիստոնեական ժառանգությունը վերացնելու սկզբունքով: Վերականգնման աշխատանքներն էլ կատարվում են զուտ տնտեսական ու շահադիտական նկատառումներով: Ախթամարի Սուրբ Խաչը կամ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցիները նորոգվել են շատ ավելի տուրիստական հոսքեր ներգրավվելու նպատակով: Վերականգնման աշխատանքները կատարվում են նաեւ Եվրոպային ցույց տալու համար: Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման մասին խոսք լինել չի կարող: Վերականգնման որակի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, մասնագետ չեմ:

-Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների վերականգնողական աշխատանքներում ընդգրկվո՞ւմ են, արդյոք, հայ մասնագետներ` ճարտարապետներ, հնագետներ ու չափագիրներ:

– Որպես կանոն, վերականգնողական աշխատանքներում հայ մասնագետներ չեն ընդգրկվում: Դա հանգեցնում է նրան, որ թույլ են տրվում շեղումներ, քանի որ թուրք ճարտարապետներն ու շինարարները հայկական ճարտարապետության առանձնահատկություններին ու գաղտնիքներին չեն տիրապետում:

Որքանո՞վ է այսօր թուրք հասարակությունը տեղեկացված Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության մասին:

– Հասարակ թուրք մարդն այսօր էլ քաջատեղյակ է անցած դարասկզբին տեղի ունեցած մեծ ոճրին: Շատ հաճախ հայերի հետ մասնավոր շփումներում, վկայակոչելով իրենց պապերի ու տատերի պատմությունները, նրանք հիշում են, որ իրենց նախնիներն արձանագրել են. «Հայերը տեղահանվեցին ու իրենց հետ տարան այս երկրի բարաքյաթն էլ»:  Հայկական տարածքներում ապրող քրդերն ու թուրքերը երբեմն բնակվում են հայկական տներում, շատերն էլ հետաքրքվողներին պատմում են, որ գերադասում են ապրել հյուղակներում, քան տեղափոխվել հայերի տներ, որտեղ կան դաժանաբար սպանված հայերի ուրվականները: Ժամանակակից թուրքերի ու քրդերի համար հայերն ու հայկական գիրը հարստության հոմանիշն են, նրանք հայրենիք այցելած հայ զբոսաշրջիկներին խնդրում են թարգմանել այս կամ այն տապանաքարին հայերեն տառերով գրվածները` ակնկալելով լսել գաղթից առաջ թաքցրած գանձերի տեղը: Բայց շատերի մոտ էլ տարածված տեսակետ կա, որ հայկական գանձերը դժբախտություն են բերում, նրանք դրանք անվանում են «սեւ ոսկի»:

Ընդհանրապես, Արեւմտյան Հայաստանում հայերի հետքն ամենուր է, տեղում ապրողները գիտեն հայկական եկեղեցիների, գերեզմանատների տեղը, բնակավայրերի հայկական անվանումները:

-Ներկայիս Ստամբուլի պատմա- ճարտարապետական դիմագիծը ձեւավորել են նաև հայ ճարտարապետները: Ի՞նչ առանցքային դերակատարություն են ունեցել հայերն այդ հարցում:

– Իսկապես, այսօրվա Ստամբուլի ճարտարապետական դիմագծի վրա հայ ճարտարապետները մեծ ազդեցություն են ունեցել: Հայտնի անունները, տարբեր ժամանակաշրջաններում, շատ են` Էդուարդ Թերզյան, Սարգիս Թաշճյան, Գեւորգ Ասլանյան, Խալֆա Ավետիսյան, Միհրան Ազարյան, Հովսեփ Ազնավուր, ով հեղինակել է Աբբաս Հիլմի փաշայի ապարանքը, ծխախոտի գործարանը, Մկրտիչ Չարքյան, Ստեփան Համամճյան, Լեւոն Կյուրեղյան, Արամ եւ Իսահակ Գարագաշները, Ստեփան Իզմիրլյանը, Անտոն Գազազյանը, Գեղամ Կավաֆյանը, Հովհաննես Սերվերյանը եւ այլոք: Հայերը եղել են նորոգող  մասնագետներ, պալատները զարդարողներ, որմնանկարներ անողներ: Եվրոպայում բարձր մակարդակի կրթություն ստացած հայ ճարտարապետներն են եվրոպական նորը բերել Թուրքիա, այսօր թուրքերի ճակատը պարզ անող ամենագեղեցիկ պալատներն ու մզկիթները հայ ճարտարապետների գործերն են:

Այս առումով առանձնահատուկ հիշատակման արժանի է Պալյանների տաղանդաշատ ընտանիքը: Համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ չկա մեկ այլ նման դեպք, երբ մեկ ընտանիքի ինն անդամներն իրար հաջորդելով լինեն արքունի ճարտարապետներ` շուրջ երկու դար իրականացնելով զանգվածային պետական շինարարություն: Կարապետ ամիրա Պալյանը, Գրիգոր ամիրա Պալյանը, Նիկողոս Պալյանը, Սարգիս Պալյանը, Սենիքերիմ Պալյանն իրար հաջորդելով շենացրել են թուրքական պետություն բացառիկ կառույցներով, որոնք այսօր էլ պարզերես են անում ու ներկայանալի են դարձնում թուրքական կողմին միջազգային խորհրդաժողովներ հյուրընկալելիս: Խոսքը Դոլմաբահչեի, Աքսարայի, Չըրղանի, Ֆեներբեյի, Բեյլերբեյի պալատների մասին է, որոնք ինչպես իրենց արտաքին, այնպես էլ ներքին զարդանախշերով ու որմնանկարներով իսկապես բացառիկ են: Թուրքական սուլթանները ճարտարապետական այս ընտանիքի անդամներին այնքան են գնահատել, որ բազմաթիվ արտոնություններ են տվել, տիտղոսների ու շնորհների են արժանացրել:

Առանձնահատուկ հիշատակման է արժանի նաեւ Սինանը, որի հայկական ծագումն արդեն ապացուցված իրողություն է: Թուրքական “Թարաֆ” թերթում հրապարակված նամակը, որտեղ պատմվում էր Սինանի եւ նրա ընտանիքի մասին, վերջնականապես պատասխան է տալիս նրա ծագման վերաբերյալ հարցերին: Այս ճարտարապետը հեղինակել է ավելի քան երեք հարյուր աշխարհիկ, ռազմական ու կրոնական շինություններ, որոնցից առավել հայտնիները Կ.Պոլսի հանրահայտ Սուլեյմանիե եւ Էտիրնեի Սելիմիե մզկիթներն են, կամուրջները: Նրա անունով է կոչվում Ստամբուլի ամենահայտնի փողոցներից մեկը` Միյմար Սինան:  Հայ ճարտարապետները միշտ էլ հայտնի են եղել իրենց տաղանդով ու ստեղծագործ մտքով:

Հարցազրույց վարեց Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆԸ

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Մշակույթ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն