«Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջնական տարբերակը»
«Հայաստանի նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է էական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը փոփոխություններ չառաջարկի։ Սակայն Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ քանի որ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջնական տարբերակը, որը առաջարկվել էր եռանախագահների կողմից.խոսքը հիմնարար սկզբունքների մասին է»,– այսօր նման հայտարարություն արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով Կազանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
Ըստ նրա՝ Կազանում Ադրբեջանը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ է առաջարկել և դա է պատճառը, որ ԼՂ խնդրի կարգավորման գործում բեկում չեղավ։ «Բոլոր դեպքերում հանդիպումը օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները»,– ասաց Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ կարևոր է նաև, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատրաստակամություն հայտնեց շարունակել ջանքեր գործադրել մոտեցնել, համաձայնեցնել սկզբունքները, որպեսզի վերջնական համաձայնություն ձևավորվի սկզբունքների շուրջ։
«Վերջին երեք տարիների ընթացքում սա տասներկուերորդ հանդիպումն էր, բայց վերջին մեկ տարում այս սցենարը, երբ Ադրբեջանը հանդես է գալիս նոր փոփոխություններով, արդեն չորրորդ անգամ է կրկնվում»,– ասաց Նալբանդյանը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակելու է բանակցությունները, քանի որ միայն դրանց միջոցով է հնարավոր հասնել խնդրի լուծմանը։
ArmAr.am












