Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սադրո՞ւմ են

Հունիս 29, 2011թ. 11:14

4Օրերս, այսպես կոչվող,  «Ադրբեջանահայերի ասամբլեա» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը հանդես եկավ բաց նամակ-հայտարարությամբ: Նամակում  խոսելով «ադրբեջանահայ  վտարանդի համայնքի» անունից, կազմակերպությունը դատապարտեց  «որոշ նախկին հայ գործիչների» ադրբեջանահայ համայնքի ներքին գործերին միջամտելն ու փախստականների հիմնախնդիրը  «հանուն սեփական մահացած քաղաքական կարիերայի  վերակենդանացման» օգտագործելը: Հայտարարության հեղինակները վստահեցնում են, որ բացի իրենցից «ադրբեջանահայերի մեկ այլ շարժում» գոյություն չունի, միակն ու լեգիտիմն իրենք են: Տարբեր որակումներով` «ինքնակոչ», «գրագող», համեմված հայտարարության սլաքն ուղղված է Ադրբեջանահայության համագումարին, իսկ նպատակը վերջինիս գործունեությունը  կասկածի տակ դնելն ու այն, իրենց իսկ խոսքով, ոչ լեգիտիմ հայտարարելն է:

Միանգամից ասենք, որ տարածված հայտարությունից լավ «հոտ» չի գալիս: Ավելին, նշմարելի է  ադրբեջանահայության միասնական ճակատի մեջ սեպ խրելու վտանգավոր միտումը:

Ադրբեջանահայության համագումարը, որ ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, այսօր բավական ակտիվ գործունեություն է իրականացնում: Ինչպես հայտնի է, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում թույլ տրված լրջագույն բացթողումներից մեկը հայ փախստականների հիմնախնդրի անտեսումն է: Փորձելով լրացնել հայկական դիվանագիտության «պասսիվության» հետևանքով թույլ տրված բացը, Ադրբեջանահայության Համագումարը  հանդես է գալիս միջազգային կազմակերպություններին ուղղված բազմաթիվ հայտարություններով, հրավիրվում են համագումարներ:

Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ  համանախագահող երկրներին ուղղված հայտարարության մեջ խոսելով փախստականների հայրենադարձության իրավունքի մասին Համագումարը գերտերություններին հիշեցրեց, որ Ժողովուրդների իրավունքները վեր են կառավարությունների շահերից: Իսկ ՄԱԿ-ի և շահագրգիռ այլ միջազգային համապատասխան կառույցներից պահանջեց  լուրջ և համակողմանի հետաքննություն իրականացնել հայ փախստականների նկատմամբ իրականացված հանցագործությունների փաստերի և հանգամանքների շուրջ:

Եվ այսօր, երբ Ադրբեջանահայության Համագումարը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովրդի` հայերի ոտնահարված իրավունքների վրա, Ադրբեջանի կողմից  հայության դեմ իրականացված ցեղասպանության, տեղահանության փաստերին, հանկարծ շրջանառության մեջ է դրվում մի հայտարարություն, որի բովանդակությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Սա փաստում է այն մասին, որ ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե’ արտաքին, թե’ ներքին որոշ ուժերի սցենարներից: Հետևապես, փորձ է արվում նման էժանագին հայտարարություններով ոչ միայն ստվերել, այլև խոչընդոտել վերջինիս օրեցօր ակտիվացող գործունեությունը:

Սակայն մի բան հստակ է, ի հեճուկս դրսի ու ներսի սադրիչների Արևելյան Անդրկովկասի հայերը (իմա` ադրբեջանահայություն) համախմբված լինելով Ադրբեջանահայության Համագումարի շուրջը վճռական են իրենց պայքարը շարունակելու գործում:

Արմինե Սիմոնյան

ArmAr.am, «Իրատես de facto»


Թեգեր` ,

Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն