Ժամանակակից արվեստը փորձում է քանդել սահմանները` արվեստի տարբեր ոլորտների միջև
Սեպտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվեց արվեստի քննադատների` «Անցյալի և ներկայի միջև» խորագիրը կրող համաժողով: Հայաստանի արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, որը արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մասնաճյուղ է, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ հրավիրված համաժողովի քննարկման թեմաները արվեստի քննադատության այսօրվա խնդիրներն էին: Դրանց շուրջ զրուցեցինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանի հետ:
-Արվեստի քննադատությունը երևի թե այնքան հին է, որքան արվեստն ինքը: Վերջին շրջանում այն կրե՞լ է ինչ-որ փոխակերպումներ:
-Աշխարհում վերջին 50 տարիներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նոր սոցիալական վերաբաժանումներ են կատարվում, հին մասնագիտությունները կամ սկսում են վերաիմաստավորվել նոր խնդիրները լուծելու համար, կամ հայտնվում են նորերը: Երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհն ուրիշ իրավիճակներ սկսեց ապրել, և ոչ միայն գիտակցության, այլև գործունեության բազմաթիվ ոլորտներ սկսեցին փոխակերպումների ենթարկվել, այդ թվում` նաև քննադատական մտածողությունը: Դրա երբեմնի ընկալումը շատ պարզ էր. դու բավարարված չես քեզնով, բավարարված չես տիրող իրավիճակներով, տեսնում ես թերություններ, խնդիրներ, որոնք փորձում ես հաղթահարել: Դա նշանակում է` մի լավ բանի ձգտում ունես: Այսինքն` քննադատական գիտակցությունն ինչ-որ առումով մոդեռնիստական աշխարհի, մոդեռն իրականության դրսևորում է: Աշխարհն այդ գիտակցությանը հրաժեշտ տվեց 50-60-ական թվականներին, մենք այդ մասին հասկացանք Խորհրդային Միության փլուզումով: Քննադատն ինչ-որ իմաստով կորցրեց իր դերը: Քննադատությունն սկսեց կատարել միջնորդի դեր` արվեստի և հասարակության միջև: Սակայն դրանով քննադատությունը հիմա ավելի շատ կապ ունի արվեստի հետ: Կարելի է ասել` արվեստի մի մասն է կազմում: Քննադատը ստանձնում է արվեստի թարգմանը դառնալու պարտականությունը և փորձում է մեկնաբանել և տեղ հասցնել բոլոր այն խնդիրները, այն շփոթը, այն անհասկացողությունը, որ ձևավորվում է արվեստի ընկալումների շուրջ:
-Կարելի՞ է ասել, որ արվեստի տարբեր ճյուղերում քննադատությունը տարբեր մակարդակների վրա է գտնվում:
-Իհարկե, տարբեր ոլորտներում տիրող իրավիճակը տարբեր է: Նախ` տարբեր է այդ արվեստի գրաված տեղը հասարակության մշակութային կյանքում և տնտեսական առումով, և, ինչ-որ տեղ, նաև քաղաքական առումով: Հնարավոր չէ ժամանակակից արվեստը համեմատել կինոինդուստրիայի հետ, հնարավոր չէ նույնիսկ թատրոնի հետ համեմատել. Դրանք տարբեր ընդգրկում ունեն, տարբեր լսարաններ են: Սա ենթադրում է նաև քննադատի` իբրև այս կամ այն բնագավառի գործունեության տարբեր հնարավորություններ, տարբեր խնդիրներ և արտահայտման տարբեր ձևեր: Քննադատական խոսքը, արձագանքը միշտ չէ, որ ուղղակիորեն կապված է քննադատական գործունեության արդար, ազնիվ մղումների հետ, որովհետև աշխարհում տեղի է ունեցել մշակույթի ապրանքայնացում:
-Ձեր ասոցիացիան ստեղծվել է համեմատաբար վերջերս` 2005 թվականին: Մինչ այդ արվեստի քննադատների միավորման անհրաժեշտություն չկա՞ր:
-Անկախացումից հետո` 90-ական թվականներին, այսպես կոչված գեղարվեստական մշակույթի ամենատարբեր ոլորտներ գոյատևման ռեժիմով էին ապրում: Ներկայացումներ չէին բեմադրվում, չկար կինո: Իսկ քննադատություն կոչվածը արվեստում երկրորդ քայլն է: Պետք է լինի գեղարվեստական ատադրություն. ներկայացումներ, համերգներ, ցուցահանդեսներ, երաժշտություն պիտի ստեղծվի, և հետո միայն դրան պիտի հետևի քննադատությունը: Հայաստանում գեղարվեստի արտադրությունը 2000-ից հետո է սկսել ուշքի գալ, քննադատությունն էլ նրան սկսել է հետևել մի փոքր ուշ: Այս գիտաժողովը կարելի է համարել սթափվելու մի քայլ:
Ինչ վերաբերում է ասոցիացիայի ստեղծմանը, ապա դրա նախաձեռնությունը վիզուալ արվեստի` կերպարվեստի ոլորտից է: Խնդիրն այն է, որ ժամանակակից արվեստը մեծ հաշվով փորձ է անում քանդել սահմանները արվեստի տարբեր ոլորտների միջև, և այդ արվեստի մաս են կազմում տարրեր, որոնք որոշ առումով կարելի է վերագրել կամ կինոյին, կամ թատրոնին, կամ ճարտարապետությանը: Ժամանակակից արվեստի նոր, այսպես ասած, փափուկ ժանրերի համար սահմանափակումներ չկան:
-Հայաստանում ի՞նչ խնդիրներ ունի արվեստի քննադատությունը:
-Արվեստի քննադատությունը տասը տարի շարունակ լեզվի խնդիր ուներ` կարողանալ ձևակերպել այն ամենը, ինչը բացարձակապես նոր է ի հայտ եկել: Ընդհանրապես, այսօրվա իրողությունների մասին արտահայտվելու խնդիր կար: Կարող ենք ասել, որ լեզվական որոշակի համակարգ արդեն ստեղծված է, ամրագրված է նոր լեզվական իրադրություն, որտեղ և փոխառություններ են ներառված, և թարգմանություններ: Հաճախ օտար բառի համարժեքը չի գտնվում, որովհետև երևույթը մեզանում չի եղել: Լեզվական նոր իրադրությունը բերեց նաև լեզվի նոր ընկալման. այն, ինչ ասում ենք, որոշակի լսարանի կողմից արդեն հասկանալի է: Որովհետև, մի կողմից մենք ենք սկսել ավելի լավ պատկերացնել մեր ասելիքը և կարողանում ենք արտահայտվել, մյուս կողմից` լսող ականջի համար խոսքն ավելի հասկանալի է դարձել:
Արվեստի քննադատության ևս մեկ խնդիր է հաղորդակցության միջոցների բացակայությունը: Ցավոք, մենք չենք տիրապետում հաղորդակցական ժամանակակից միջոցներին: Մեզ մոտ ամեն ինչ հիմնված է էնտուզիազմի վրա, իսկ մեր օրերում դա ամուր հիմք չէ: Մեր ինտերնետ կայքերը լավ չեն աշխատում, լրատվամիջոցների հետ մեր կապը սահմանափակ է: Իսկ այդ ամենի հիմքում միջոցների բացակայությունն է: Մենք փորձում ենք ստեղծել արվեստի քննադատության տնտեսություն, որի մասը մեր կազմակերպությունը պետք է լինի: Եթե դա չկա, չես կարող քո խոսքը տեղ հասցնել:












