Արարատում կկառուցվի ոսկու կորզման նոր գործարան
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին եւ ավստրալիական Xstrata Technology ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն այսօր` հուլիսի 6-ին Արարարտի ոսկու կորզման ֆաբրիկայում, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության մի շարք անդամների ներկայությամբ, ստորագրեցին լիցենզիայի փոխանցման պայմանագիր` «Ալբիոն» տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ:
«Ալբիոնը»-ը գունավոր մետաղների կորզման նորագույն տեխնոլոգիա է` մշակված Xstrata Technology ընկերության կողմից: Հայաստանն աշխարհի երրորդ պետությունն է, որտեղ ներդրվում է այս տեխնոլոգիան (Դոմինիկյան Հանրապետությունից եւ Իսպանիայից հետո): Այն թույլ է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, օգտագործել գերփոքր ապարներ, ինչը ներկա տեխնոլոգիայով անհնար է: Ըստ Ռ. Խուդոլիի` Սոթքի հանքավայրում (Արարատում մշակման է ենթարկվում այդ հանքի հանքաքարը), ներկայում այլեւս ակտիվային հանքաքար չի մնացել, ուստի առանց այս նոր տեխնոլոգիայի ներդրման հանքը պետք է դադարեցնի գործունեությունը:
Եթե գործող տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ տարեկան մինչեւ 40 հազ. ունցիա (31.1 գրամ) ոսկի (հարգը` մոտ 90 տոկոս), ապա «Ալբիոնն» այդ ծավալները կհասցնի մինչեւ 150 հազ. ունցիայի:
Նոր տեխնոլոգիան կգործարկվի արդեն 2013 թ., իսկ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց նոր գործարանի կառուցման հիմնարկեքին: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն փոխանցեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, ասվում է, որ նախագիծը մեծ նշանակություն կունենա հայ-ռուսական տնտեսական համագործակցության համար:
Նոր գործարանի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է 100 մլն դոլարից ավելի: 2011 թ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 15 մլն դոլարի ներդրում:
ArmAr.am
Թեգեր` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերություն












