Խուսափել, թե՞ ոչ` քաղաքականացվելուց
Հայաստանյան հասարակական-քաղաքական քննարկումներում հաճախ է շոշափվում «քաղաքական» եւ «քաղաքացիական» հասկացությունների տարբերակման խնդիրը: Շատերի համոզմամբ` դրանք ծայրահեղ տարբեր հասկացություններ են: Տարածված մի տեսակետ կա, համաձայն որի` քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները, մնացածները որքան հեռու լինեն քաղաքականությունից` այնքան լավ, իսկ եթե ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, ապա կարող են մտնել քաղաքացիական ոլորտ:
Սակայն կա նաեւ տեսակետ, թե Հայաստանում չի կարող լինել չքաղաքականացված որեւէ ակտիվություն, բողոք կամ պայքար: Այս դիրքորոշումը կիսողները համոզված են, որ չքաղաքականացվելու կողմնակիցները ցանկանում են խուսափել պատասխանատվությունից, զրկանքներից եւ այլն:
Նախ` փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված «քաղաքականացվել»
հասկացության տակ: Հայտնի է, որ քաղաքականությունը (հուն. politika)` մի գործընթաց է, որում մարդկանց տարբեր խմբեր ընդունում են միասնական որոշումներ` կապված պետության կառավարման հետ: Եթե պետությունը ժողովրդավարական է, ինչը ենթադրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, կամ ավելի ստույգ` նրա քաղաքացիներին, ապա բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցելու պետության կառավարմանը վերաբերող որոշումների կայացման գործընթացին` ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ճանապարհով: Նշանակում է, որ նման պետությունում յուրաքանչյուր քաղաքացի, լայն իմաստով, քաղաքականացված է:
Այն դեպքում, երբ պետությունը ժողովրդավարական չէ, ինչը ենթադրում է, որ ժողովուրդը առնվազն de facto քաղաքական որոշումներ կայացնելու իրավունք չունի, միայն մարդկանց փոքրաթիվ մի խումբ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ: Ստացվում է, որ այս պարագայում միայն այդ խմբին պատկանող մարդիկ են քաղաքականացված:
Հայտնի է սակայն, որ նույնիսկ ժողովրդավարական պետություններում ժողովրդի շրջանում առանձնանում է մի դաս, որը քաղաքականությամբ է զբաղվում պրոֆեսիոնալ կերպով: Այդ դասի մարդկանց հիմնական զբաղմունքը հենց քաղաքականությունն է: Նրանք ներգրավված են տարբեր կուսակցություններում, քաղաքական պաշտոններ են զբաղեցնում գործադիր մարմիններում, պատգամավոր են եւ այլն: Նման պետություններում այն ամբողջ գործունեությունը, որի նպատակը իշխանության գալը չէ, նեղ իմաստով` քաղաքական չէ, այլ կերպ ասած` կուսակցական չէ: Հասարակության համար կարեւորություն ունեցող բազմազան խնդիրների լուծման համար մղվող գործունեությունն ապակառավարական է (non-governmental), այստեղից էլ նման հարցերով զբաղվող կազմակերպությանը կոչում են NGO (non-governmental organization):
Իսկ այժմ փորձենք պարզել, թե ինչպես կարելի է զանազանել «քաղաքական» եւ «քաղաքացիական» հասկացությունները Հայաստանի նման de facto ոչ ժողովրդավարական պետություններում: Քանի որ, ինչպես արդեն նշել ենք, վերոնշյալ տեսակի պետություններում կառավարման, հասարակական կյանքի կազմակերպմանն առնչվող որոշումների կայացման գործընթացում de facto իրավունք ունեն մասնակցելու սահմանափակ թվով մարդիկ, ուրեմն` բոլոր մնացածները դուրս մնալով քաղաքականությունից, սակայն ցանկանալով մտնել նրա մեջ, հայտնվում են բավականին հետաքրքիր իրավիճակում:
Օրինակ` Հայաստանում քաղաքացիներին տրված է հնարավորություն` ձեւավորելու քաղաքական կազմակերպություններ, անդամակցելու դրանց: Սակայն, քանի որ որոշումների կայացման գործընթաց մտնելու համար քաղաքացիների եւ նրանց կողմից ձեւավորված կազմակերպությունների համար ստեղծված են անհավասար պայմաններ, ուստի իրականում այդ գործընթացի մեջ կարող են մուտք գործել միայն յուրայինները: Ըստ այդմ` մնացած բոլորը առավելագույնը կարող են մտնել Ազգային ժողով եւ փոքրամասնություն լինել այնտեղ: ԱԺ-ում փոքրամասնություն լինելով կամ էլ ընդհանրապես ներգրավված չլինելով որոշումների կայացման լիազորություններ ունեցող որեւէ մարմնի մեջ, քաղաքական կարգավիճակ ունեցող բոլոր ուժերը de facto դառնում են ապաքաղաքական: Նրանք ապաքաղաքական են, քանզի զրկված են օրինական ճանապարհով իշխանություն գալու հնարավորությունից, ինչը նշանակում է, որ օրինական ճանապարհով չեն կարող ներգրավվել քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում քաղաքական կարգավիճակ ունեցող ընդդիմադիր կազմակերպությունները հավասարեցվում են ոչ կառավարական կազմակերպություններին: Միակ տարբերությունն այն է, որ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գործիքները տարբեր են: Քաղաքական կարգավիճակ ունենալով` կարող ես, օրինակ, խորհրդարանական մանդատ ունենալ ու քեզ հուզող զանազան խնդիրները բարձրացնել խորհրդարանի ամբիոնից, մասնակցել ընտրություններին՝ գաղափարներ քարոզելու, իշխանության բնույթը մերկացնելու, հասարակությանն ակտիվացնելու համար եւ այլն: Սակայն քաղաքական կարգավիճակի բացակայությունը կարող է ունենալ իր առավելությունները, որոնցից են, օրինակ, դրամաշնորհներ ստանալու հնարավորությունը, քիչ ծախսերը եւ այլն:
Բայց Հայաստանի նման երկրներում քաղաքական կարգավիճակի փոխարեն ոչ կառավարական կարգավիճակ ունենալն էլ չի տալիս կարեւորագույն խնդիրների համար արդյունավետ պայքար մղելու հնարավորություն, քանզի պետությունը de facto չի ճանաչում քաղաքացու կարգավիճակը, եւ պայքարողը զրկված է նման համակարգում այնպիսի խնդիրներ լուծելուց, որը ձեռնտու չէ իշխանություններին, հարվածում է նրանց կենսական շահերին:
Ստեղծված կացության մեջ քաղաքական կարգավիճակ ունեցող կազմակերպությունը, եթե ցանկանում է օրինական կերպով գալ իշխանության, ապա տրամաբանական է, որ նախեւառաջ պայքարի այդ օրինականության, հավասար խաղի կանոնների հաստատման համար: Ոչ կառավարական կարգավիճակ ունեցողները նույնպես ստիպված են պայքարելու վերոնշյալ նպատակի համար, քանզի առանց դրա հնարավոր չէ հասնել իրենց հուզող կարեւորագույն, կենսական նշանակության հարցերի լուծմանը: Ուրեմն` անկախ սեփական ֆորմալ կարգավիճակից, բոլոր վերոնշյալ կազմակերպությունները եւ դրանցում ներգրավված անհատները` ա) նեղ առումով de facto ապաքաղաքական են, բ) ունեն օրինականության, այսինքն` իրավական կարգին բնորոշ «խաղի կանոնների» հաստատման մեկ միասնական խնդիր:
Ստացվում է, որ հայաստանյան բոլոր իրական դեմոկրատներն այսօր պետք է ունենան մեկ ընդհանուր խնդիր՝ de facto գոյություն ունեցող քաղաքական համակարգի վերափոխում, ժողովրդավարության հաստատում:
Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ












