«GRAND» խախտումներ Լեզվի և Գովազդի մասին ՀՀ օրենքների
Մեր քաղաքում ամեն քայլափոխի խախտվում են Լեզվի և Գովազդի մասին օրենքների պահանջները, սակայն որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում:
Այս ֆոտոլրագրողական ուղերձը որոշեցինք «հղել» Լեզվի պետական տեսչության պետ, հավանաբար, ուշ-ուշ քաղաք իջնող Սերգո Երիցյանին:
Ըստ Գովազդի մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ ՀՀ գովազդի լեզուն հայերենն է, եւ միայն անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է լինել նաև այլ լեզվով, սակայն այդ լեզվով տեքստը պետք է համեմատաբար ավելի փոքր գրված լինի, քան հայերենը:
Նույն օրենքի 1-ին հոդվածի, ե կետով էլ ամրագրվում է . «Կանխել այն գովազդների տարածումը, որոնք առաջ են բերում ոտնձգություններ հասարակական արժեքների և բարոյականության համընդհանուր նորմերի նկատմամբ»: Ի գիտություն. հասարակական արժեք ունի նաև պետական լեզուն, սակայն որի հանդեպ իրականացվող ոտնձգություններն անցել են բոլոր սահմանները:
Տեղին է մեջբերել նաև Լեզվի մասին ՀՀ օրենքից. 1-ին հոդվածը վավերացնում է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները: Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է»: Իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար»:
Իսկ հիմա հարց ենք ուզում ուղղել պարոն Սերգո Երիցյանին, ի՞նչ տույժ եք նախատեսել վերոհիշյալ խախտման հեղինակների համար: Երբևէ գործելո՞ւ է Լեզվի և Գովազդի մասին ՀՀ օրենքների պահանջները:
ArtmAr.am












