Հայկ Քոթանջյան. «Հարաբերություններն աստիճանաբար կպարզվեն”
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` առաջիկա սփյուռքյան հանդիպումների մասին այսօր խոսել է Պաշտպանության նախարարության ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը: Նա կարեւորել է հանդիպումները ոչ միայն արձանագրությունները քննարկելու, այլեւ հայրենիք-սփյուռք հարաբերությունները վերաիմաստավորելու առումով: «Կարելի էր ավելի շուտ կազմակերպել, բայց կարեւորն այն է, որ հանդիպումը սփյուռքահայության հետ դարձել է օրակարգի խնդիր», – ասել է Հայկ Քոթանջյանը: Նրա կարծիքով` հայ-թուրքական արձանագրություններում անթերի են ոչ բոլոր ձեւակերպումները, իսկ հարաբերություններում անորոշություններ կան, որովհետեւ այսօր ընդամենը մեկնարկն է տրվում: Հայկ Քոթանջյան, ՊՆ ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն. «Գործընթացը միայն սկսվում է: Սա, կարելի է ասել, քաղաքական պիլոտաժի հատվածն է, որը շատ կարեւոր է, որովհետեւ ճշգրտվում են հնարավոր օրակարգի հետագա բանակցությունների եզրերը: Սա շեմային է: Ես կասեի` ակրոբացիոն է: Այսինքն, փորձաքննական տարր կա այս հարաբերությունների սկզբնամասում»: ArmAr.am












