Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Ժառանգություն». կրպակատերերի բողոքից մինչեւ վիճահարույց կառուցապատումների քննարկում

Հուլիս 29, 2011թ. 11:18

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, վարչության անդամ Դավիթ Սանասարյանը եւ երիտասարդական թեւի ներկայացուցիչներ ահազանգ ստացան Փափազյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի մասին:

Այցելելով ահազանգի հասցե եւ լսելով բողոքի դուրս եկած շուրջ 50 քաղաքացիների, պատգամավորները տեղեկացվեցին, որ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկից մինչեւ Եր.Քոչար-Փափազյան խաչմերուկ մայթեզրին տեղադրված կրպակների սեփականտերերը եւ վարձակալները նախօրեին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ ծանուցումներ են ստացել Երեւանի քաղաքապետի 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականի հիման վրա 7-օրյա ժամկետում իրենց կրպակները ապամոնտաժելու մասին, որն անելուց հրաժարվելու դեպքում` ապամոնտաժումը կիրականցվի քաղաքապետարանի կողմից, իսկ ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն քաղաքացիներից: «Ժառանգության» պատգամավորներին փոխանցվեցին քաղաքացիների բանավոր եւ գրավոր բողոքները:

Պատգամավորները միանշանակ օրենքի խախտում համարեցին մասնավորապես նման բովանդակությամբ ծանուցագրերի հանձնումը այն կրպակատերերին, որոնք սեփականության իրավունքի վկայականներ ունեին, իսկ ՀՀ սահմանադրության համաձայն` սեփականության իրավունքը դադարեցվում է դատարանի որոշմամբ, ինչպես նաեւ առկա չէ այդ տարածքը հանրային գերակա շահ ու իրացման գոտի ճանաչելու մասին Կառավարության որոշում: Ինչ վերաբերում էր վարձակալներին, ապա շատերի պարագայում Երեւանի քաղաքապետարանի հետ նրանց կնքված վարձակալության պայմանագրերի ժամկետները լրանում են 2012, 2013 կամ 2014 թվականների տարեվերջին:

Պարզաբանումներ ստանալու նպատակով բողոքի դուրս եկած քաղքացիների մի խումբ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ վարչության անդամ Դավիթ Սանասարյանի հետ միասին այցելեցին Արբակիր վարչական շրջան եւ հանդիպեցին վարչական շրջանի ղեկավար Է.Մուշեղյանի հետ: Հանդիպման ընթացքում պարզվել էր, որ վարչական շրջանի աշխատակցի անուշադրության պատճառով էին համատարած բոլոր կրպակատերերը, առաջին հերթին` սեփականատերերը ծանուցում ստացել:

Կրպակատերերի մյուս խումբը պատգամավոր Սաֆարյանի եւ վարչության անդամ Դավիթ Սանասարյանի հետ այցելեցին Երեւանի քաղքապետարան, որտեղ մուտք արվեց Երեւանի քաղաքապետին ուղղված նրանց բողոք-դիմումը, որով խնդրում է չեղյալ համարել կրպակները ապամոնտաժելու հանձնարարությունը եւ հայցվում է կրպակատերերի հետ հանդիպում ու հարցի քննարկում քաղքապետարանում: Կրպակատերերի ներկայացուցիչներին եւ պատգամավոր Ս.Սաֆարյանին նախնական մասնագիտական պարզաբանումներ տվեց քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության մասնագետը, ով տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետի խնդրո առարկա 14.06.2011թ. թիվ 342144  հանձնարարականը ոչ թե կրպակների ապամոնտաժման մասին է, այլեւ` կրպակների գույքագրման: Մնացած եւ կրպակատերերի տարբեր խմբերի հարցերը քննարկելի կլինեն, երբ քաղաքապետը հանձարարական տա ուսումնասիրել խնդիրը եւ դրա շուրջ քննարկում կազմակերպել քաղաքապետարանում` Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ միասին: Պատգամավոր Սաֆարյանը, որպես բողոք-նամակ հասցեատերերից մեկը, նշեց, որ հավելյալ կդիմի նման առաջարկով:

Նույն օրը Երեւանի քաղաքապետարանում «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի առաջարկով Երեւանի քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի մոտ քննարկում էր նշանակվել Նալբանդյան 106/1 հասցեում դադարեցված կառուցապատման խնդրով: Բացի գլխավոր ճարտարապետից եւ պատգամավորից, քննարկմանը մասնակցում էին Սայաթ Նովա պողոտային, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցների բակամերձ շենքերի բնակիչների ներկայացուցիչներ, կառուցապատողը, քաղաքապետարանի այլ իրավասու պաշտոնյաներ: Հարցի քննարկումից զատ, դա նաեւ կառուցապատող-տարածքի բնակիչներ փաստացի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր, որը անցավ բավական կառուցողական մթնոլորտում: Քննարկման մասնակիցները լսեցին կողմերի բոլոր մտահոգություններն ու տեսակետները: Բակի կառուցապատման վերաբերյալ առաջ քաշվեցին մի քանի գաղափարներ, որոնց հետագա զարգացնելուն դեմ չէին ոչ կառուցապատողը, եւ ոչ էլ բնակիչները: Երեւան քաղաքի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը առաջարկեց մտածել այդ գաղափարների շուրջ եւ հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել ավելի առարկայական նախագծեր:

Հարցի քննարկումից հետո Ստեփան Սաֆարյանը եւ Նարեկ Սարգսյանը անդրադարձան նաեւ այլ տարածքների կառուցապատման հարցերին: Վիշապի պուրակների կապակցությամբ Նարեկ Սարգսյանը վերահաստատեց, որ քաղաքապետարանի կողմից խնդրին սպառիչ լուծում է տրված` կառուցապատողին առաջարկվել է համարժեք տարածք:

Իսկ Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկինի 40, Տերյան 19, 23, 25, Հյուսիսային Պողոտա 6 շենքերով պարփակված տարածքի`  Պուշկինի 38 հասցեում “Լոքըլ Դիվելոփըրզ” ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարության կապակցությամբ էլ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ քաղաքապետարանը մտածում է նաեւ այդ հասցեում բնակիչների համար ընդունելի լուծումներ տալու ուղղությամբ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն