Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Օգնենք «Օրրանին»` հաղթահարելու ճգնաժամը

Հուլիս 30, 2011թ. 11:38

ORRAN«Օրրանի» ավանդական մեկամսյակը` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում

Արդեն 6-րդ տարին «Օրրանը» «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օգոստոսի 1-ից իրականացնում է  «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթևան և կարիքավոր երեխաների և տարեցների վերաբերյալ, ինչպես նաև գումարներ հայթայթել` նրանց օգնելու նպատակով։

Մեկամսյա միջոցառումների շրջանակներում ողջ օգոստոս ամսին Մարիոտ հյուրանոցի առաջին հարկում կգործի Օրրանի սաների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդես- վաճառքը: Իսկ օգոստոսի 19-ին  «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպվի «Օրրանի» բարեգործական ընթրիքը։ Այս տարի ևս բարեգործական ընթրիքի հասույթը կուղղվի տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը: Ընթրիքի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնության ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ և կարիքավոր տարեցներին, փողոցում հայտնված երեխաներին:

2000 թվականին հիմնադրված  «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր` անապահով ընտանիքների երեխաներին, կարիքավոր և միայնակ տարեցներին օգնելու նպատակով։

Գործունեության 10 տարիների ընթացքում  «Օրրանն» ավելի քան 5000 կարիքավորի ապահովել է ոչ միայն սննդով և հագուստով, այլև` կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայություններով: «Օրրանը» փողոցում հայտնված բազմաթիվ երեխաների օգնել է նաև կյանքում իրենց տեղը գտնելու և հաջողությունների հասնելու հարցում։

Ամեն օր «Օրրանի» Երևանի և Վանաձորի կենտրոններում տաք սնունդ և սոցիալական տարբեր ծառայություններ են տրամադրվում շուրջ 150 երեխայի և 60 միայնակ տարեցների։ Զուգահեռաբար, «Օրրանի» բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-ից 16 տարեկան կարիքավոր բոլոր երեխաներին։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն