Հստակ քաղաքականությո՞ւն, թե՞ տգիտություն
Ադրբեջանական քարոզչամեքենան արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի սկզբից ևետ շրջանառության մեջ դրեց այնպիսի քաղաքական տերմիններ, որոնք անշուշտ միտված են սեփական քաղաքականության ամրապնդմանը: Մինչդեռ հայկական կողմը գործընթացին ներկայացավ անփույթ ու անպատրաստ, շատ դեպքերում կուլ տալով ադրբեջանական խայծն ու կրկնելով վերջինիս շրջանառած ադրբեջանանպաստ եզրույթները.«գրավյալ տարածքներ», «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներ», «Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» և այլն: Մտահոգիչ է, որ տերմինաբանական այդ«խառնաշփոթը» շարունակվում է առ այսօր:
Քննարկենք մի քանիսը.
Այդ չարաբաստիկ «գրավյալ տարածքներ»-ը
Արցախի մերօրյա տարածքների մասին պատկերացումը շարունակում է մինչ օրս մնալ աղճատված: 1993-ից մոգոնվեց չարաբաստիկ «գրավյալ տարածքներ» եզրույթը, որը ո’չ պատմական, ո’չ իրավական առումով չի արտացոլում իրականությունը: Ի՞նչ անուն տալ, երբ հայրենիքիդ շրջաններին կպցնում են «գրավյալ» բառը և ուղղակիորեն նպաստում Ադրբեջանի քարոզչամեքենայի հակահայկական վայնասունին:
Ինչպես նկատում է պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, «գրավյալ տարածք» հասկացությունը պետք է օգտագործի հայկական կողմը, իսկ միջազգային հանրությունը պետք է քննարկի, թե Ադրբեջանը ե՞րբ պետք է ազատի իր կողմից գրավված հայկական տարածքները, մինչդեռ այսօր հակառակն է արվում:
Թվում էր, թե 1997-ից սկսյալ գոնե հայաստանյան լրատվամիջոցներին հաջողվեց ձերբազատվել ադրբեջանանպաստ եզրույթից և «գրավյալ»-ը փոխարինել «ազատագրված»-ով: Բայց այստեղ էլ` չգիտես գիտակցաբար, թե անգիտությամբ, մեր հայրենիքի ազատագրված շրջանները մեզ «մատուցվեց» «ազատագրված տարածքներ» ձևակերպմամբ. ուշադրություն դարձրեք` տարածք, բայց ոչ հայրենիք:
Առավել վտանգավորն այն է, որ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում հայկական շրջանները շարունակում են համարվել որպես հայկական ուժերի կողմից «գրավված տարածքներ»:
«Ընթերցեք Արցախին վերաբերող միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ցանկացած փաստաթուղթ, և կհամոզվեք, որ շրջանառվում է միայն «ադրբեջանական օկուպացված տարածքներ» տերմինը», -նկատում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Հետո էլ նեղվում ենք, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները, անտեսելով փաստերը, կրկնում ադրբեջանական կեղծիքը` «Հայաստանը օկուպանտ է»:
Լարիսա Ալավերդյանը միաժամանակ փոխանցեց, թե միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, եթե անգամ բացակայում է «գրավյալ տարածք» եզրույթը, ապա փոխարենն օգտագործվում է «միջազգային խաղաղարար ուժերի տեղակայման տարածքներ» արտահայտությունը, որով դարձյալ անուղղակիորեն փաստվում է, որ այդ տարածքներն արցախապատկան չեն:
Կամա թե ակամա«ՙանիրազեկներին» տիկին Ալավերդյանը հիշեցնում է հետևյալը. այն տարածքները, որոնք անվանվում են «ԼՂՀ-ին հարակից» կամ«ՙանվտանգության գոտի», իրականում Արցախի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված են որպես երկրի անբաժանելի մասեր, և կազմում են Հանրապետության չորս վարչական միավորների` Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի եւ Ասկերանի շրջանների մասը: Անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք շարունակ մանևրում սխալ տերմինների տիրույթում, երբ Արցախի Հանրապետության Սահամադրության 142-րդ հոդվածը տալիս է հարցի հստակ պատասխանը: Կարդում ենք. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը` հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»:
Այսպիսով, ազատագրված շրջանները մեր ամբողջական Հայրենիքի անբաժան մասն են: Ոչ միայն պարտավոր ենք հարգել ԼՂՀ սահմանադրական պահանջը, այլ հիշել, որ Սահմանադրության խախտումը ենթակա է պատժի: Եվ սա հարկ է, որ գիտակցի նաև հայաստանյան քաղաքական «վերնախավը»:
Ոչ թե ԼՂ, այլ ԼՂՀ
ԼՂՀ սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ կետն ամրագրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»: Բայց հայաստանյան քաղաքական շրջանակներն այս հարցում ևս իրենց թույլ են տալիս կոպտորեն խախտել ԼՂՀ Սահմանադրությունն ու աղավաղել պետության անվանումը արտաբերելով «Լեռնային Ղարաբաղ» թերի եզրույթը: Իսկ «Հանրապետություն» բառի «սրբագրումը» իրավա-քաղաքական տեսանկյունից լուրջ բացթողում է, մանավանդ, երբ այն «սրբագրվում» է հենց բանակցային հանդիպումների ժամանակ:
«Չօգտագործելով «Հանրապետություն» բառը, ոմանք այդ կերպ փաստում են, թե ԼՂՀ անկախության դե-ֆակտո ճանաչումն ընդամենը աչքկապոցի է: Ի՞նչ իրավունք ունեք պետության անվանումը կիսատ արտաբերել», – հարց է ուղղում Լարիսա Ալավերդյանը: ԼՂՀ-ից «Հանրապետություն» բառը պոկել-հանելը ոչ թե պատահականություն է, այլ վարվող քաղաքական գծի արտահայտություն, և փաստում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂՀ-ն որպես պետական միավոր չի ճանաչում, այլ ընդամենը` տարածք: «Սրանից էլ բխում է մյուս լուրջ սխալը. «ղարաբաղյան (կամ արցախյան) հակամարտություն» եզրույթն այսօր հնչում է«ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտություն» տարբերակով: Ես այստեղ դարձյալ միտում եմ տեսնում. այս կերպ հիմնախնդրի շրջանակներից դուրս են մղվում ազատագրված շրջանները»,- պարզաբանում է պատգամավորը:
Թուրքին ազերի կոչելը տգիտություն է
Այսպես կոչված, «ադրբեջանցի ազգի» ձևավորումը դեռ շարունակվում է, ադրբեջանցիների մոտ ազգային ինքնագիտակցության մեծ շփոթ կա. մեկ իրենց շիա թուրքեր են անվանում, մեկ կովկասյան թաթարներ կամ կովկասյան թուրքեր, մեկ էլ թե ոչ թուրք ենք, ոչ մահմեդական, աղվան ենք քրիստոնյա… : Չձևավորված «ազգն» ինքն իր ներսում լուրջ կռիվ է տալիս, իսկ մենք` հայերս, այս հարցում ևս օգնում ենք մեր թշնամուն, որ քոչվորից ազգ դառնալ ու առավել վստահ հայտարարի, թե բոլոր քրիստոնեական եկեղեցիներն իրենն են: Գիտակցո՞ւմ ենք, արդյոք, որ ամեն անգամ, երբ ադրբեջանցի թուրքին «ազերի» ենք կոչում, ակամա հաստատում ենք բունյաթովների հորինած կեղծիքը ադրբեջանցի թուրքերի բնիկ լինելու մասին ու մեկ հարվածով քոչվորին դասում ազգերի շարքը: «Եկեք հստակեցնենք, այդ մարդիկ, իրականում իրենց ոչ թուրք են անվանում, ոչ էլ ադրբեջանցի, այլ` մուսուլման»,- պարզաբանում է Լարիսա Ալավերդյանը, հավելելով. «Իսկ ազերի կոչելով մենք անհասկանալի ենք դառնում հենց ադրբեջանում բնակվող մուսուլմանների համար, որը միայն 1936-ի սահմանադրությամբ կոչվեց ադրբեջանցի»:
«Մենք շարունակում ենք կրկնել մեր սխալները. թուրքին ասել ենք ադրբեջանցի, հիմա էլ ասում ենք ազերի: Մենք անփույթ ենք մեր կողմից օգտագործվող բառապաշարի հետ: Ինչո՞ւ մինչ օրս քաղաքական հասարակական գործիչներին, լրագրողներին չի ասվում, թե որ բառը ինչպե՞ս, որտե՞ղ, ե՞րբ օգտագործել»,- տեղին դժգոհում է պրոֆեսոր Մանասյանը, զգուշացնելով` քանի դեռ իրերը չենք կոչել իրենց ճշգրիտ անուններով, հնարավոր չէ հաջողություն արձանագրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Այնպես որ, ժամանակն է , որ մեր պետական քաղաքականություն իրականացնողներն իրենց քաղաքական բառապաշարը մաքրեն կեղծ ու ոչ հայանպաստ եզրույթներից, միաժամանակ շրջանառելով այնպիսիք, որոնք կնպաստեն սեփական քաղաքականության ամրապնդմանն ու հաղթանակին:












