Դմիտրի Մեդվեդև. «Նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունները»
Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւից, ուր, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բարեկամ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:
Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ եւ սոցիալական ոլորտում, ամրապնդել՝ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի եւ Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները:
Այսօր մենք հաջողությամբ ենք բազմապլան կապեր զարգացնում դաշնակցային գործընկերության ոգով: Համատեղ ջանքերով բացում ենք փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առեւտրատնտեսական, ներդրումային, հումանիտար եւ այլ ոլորտներում: Հուսով եմ, որ ս.թ. հոկտեմբերին սպասվող Ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը:
Վստահ եմ, որ արդյունավետ քաղաքական երկխոսությունը, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը համապատասխանում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին, կարեւոր դեր խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործում»:
ArmAr.am
Թեգեր` Դմիտրի Մեդվեդև, Հայաստան, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձ, Ռուսաստան












