«Ուրուգվայի ԱԳ նախարարի հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման առաջին ծիծեռնակն էր»
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն, ելույթ ունենալով Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված Ուրուգվայի խորհրդարանական համաժողովին, մասնավորապես ասել էր. «Համոզված եմ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի անկախ եւ ժամանակի ընթացքում միանա Հայաստանին։ Սա է հարցի լուծման միակ ճանապարհը»։
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանելով «Արմենպրես»-ի այն հարցի, թե Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա, ասել է. « Այն ԼՂՀ միջազգային ճանաչման ընդամենը առաջին ծիծեռնակն էր: Խնդիրն այն է, որ շատ պետություններ սահմանափակություն են զգում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը քննարկելիս մի շատ պարզ պատճառով. կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափ, որտեղ տեղի է ունենում բանակցային գործընթաց, եւ կա մտավախություն, որ իրենց նմանատիպ քայլերով, հայտարարություններով, նախաձեռնություններով կարող են վնասել գործընթացին»,- պարզաբանել է Շ. Քոչարյանը:
Նրա խոսքով, վերջին ժամանակահատվածը շատ ցայտուն ցույց տվեց, որ Ադրբեջանը տապալում է բանակցային գործընթացը, ավելին` փորձում է հենց Մինսկի խմբի ձեւաչափը կազմալուծելով, հարցը տեղափոխել այլ ատյաններ: «Դա գնալով ավելի մեծ ազատության աստիճաններ է տալիս նմանատիպ երկրներին: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ձեւով առաջ գնալ, ապա դա կդառնա անխուսափելի, շատ ավելի արագացված գործընթաց: Ամեն դեպքում, ԼՂՀ միջազգային ճանաչումն անխուսափելի է, խնդիրը ժամկետն է. ժամկետն արագացնողն այսօր Ադրբեջանն է»,- ասել է Քոչարյանը:
Ուրուգվայի արտգործնախարարն ընդգծել էր նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։
ArmAr.am
Թեգեր` ԼՂՀ, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն












