ՀՀ ԱԳ նախարար. «Արցախի մի շարք շրջաններ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո»
«Արցախի մի շարք շրջաններ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո: Այդ մասին Հայաստան-Սփյուռք ֆորումի ժամանակ հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էդուարդ Նալբանդյանը` ներկայացնելով ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը, սկսած 2001 թվից:
Նալբանդյանի խոսքով, 2001 թվին Փարիզում առաջին անգամ ձեռք է բերվել համաձայնություն մի շարք կետերի վերաբերյալ, որոնք ձախողվել են Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով: «2008 թվին Մայնդորֆում Բաքուն վերջապես համաձայնել է ընդունել 2007 թվի Մադրիդյան սկզբունքները: Մինչեւ 2008-ի ամառ Բաքուն չէր համաձայնում որեւէ առաջարկի` հիմնավորելով մերժումը նրանով, որ իբր առաջարկը ներկայացվել է համանախագահող երկրներից մեկի` Ռուսաստանի կողմից: Մինչդեռ համանախագահները միշտ հայտարարում են այս կամ այն հարցի վերաբերյալ միասնական դիրքորոշման մասին»:
Նալբանդյանը նաեւ նշել է, որ եթե Բաքուն կարծում է, որ կարող է անտեղյակության մեջ պահել սեփական հասարակությանը, ապա դա նրան չի հաջողվի անել միջազգային հանրության հետ: «Բաքուն հայտարարել է, որ 2010-2011 թթ. ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել, որոնք փոխել են բանակցային գործընթացի բնույթը եւ հիմնական սկզբունքները: Ընթացիկ տարվա մեջ Ադրբեջանը բազմիցս դրսեւորել է իր ապակառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցի նկատմամբ, մասնավորապես Սոչիում եւ Կազանում երեք նախագահների հանդիպումից հետո»,-ասել է Նալբանդյանը` նշելով, որ կազանյան հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն վերսկսեց ռազմական հռետորաբանությունը, եւ փորձեց ցույց տալ իր ռազմական հզորությունը ռազմական շքերթի ժամանակ: «Կարծում եմ, որ Դովիլյան հայտարարությունները լուրջ նախազգուշացում են Բաքվի համար»,-նշել է Նալբանդյանը` հավելելով, որ Հայաստանը միշտ էլ բաց է բանակցությունների համար, եր դրանք միշտ ձախողվել են Բաքվի ապակառուցողական մոտեցման հետեւանքով:
Մադրիդյան սկզբունքներին անդրադառնալով` Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է ղարաբաղյան հարցում իր քաղաքական կուրսը, որը գերակայում է վերջին 20 տարվա ընթացքում: «Հայաստանը բաց է բանակցությունների համար` ի տարբերություն Բաքվի, որը բոլոր հիմնարար սկզբունքներից կիրառում է միայն երկուսը եւ այն էլ սեփական մենակաբանությամբ: Բաքուն կիրառում է տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ այդ ենթատեքստում արժի նշել, որ Ղարաբաղի մի շարք շրջաններ գտնվում են Ադրբեջանի շրջափակման ներքո»:
ArmAr.am












