Գլխավոր » Լրահոս

Հնարավոր է, որ սփյուռքը բոյկոտի Սերժ Սրագսյանի հետ հանդիպումը

Սեպտեմբեր 30, 2009թ. 19:19

Սեպտեմբերի 30-ին «Հայացք» ակումբի հյուրերը սփյուռքահայ լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին: Ուրուգվայի հայկական «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, Լոնդոնի «Նոր սերնդի ձայն» ամսագրի գլխավոր խմբագիր Մանուել Ադամյանը, ԱՄՆ-ի «Մասիս» շաբաթաթերթի քաղաքական բաժնի պատասխանատու Գրիգոր Խոդանյանը և Լիբանանի «Արարատ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխմրտյանը մտահոգություն հայտնեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ: Նրանց գնահատմամբ,  նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը սփյուռքի գաղթօջախներ ուշացած քայլ է և կրում է ձևական բնույթ: Բանախոսների խոսքով  նախագահը յոթ օրում 5 գաղթօջախ է այցելելու, այդ հանդիպումներ ասվածն էլ հիմնականում ճաշկերույթներ են լինելու, որոնց մասնակցելու են սակավ թվով մարդիկ: Հարց է առաջանում` նախագահը գնում է սփյուռքահայերի կարծիքները լսելու՞, թե՞ նրանց համոզելու:

Ակնհայտ էր սփյուռքահայ լրագրողների վրդովմունքը  հանրապետության նախագահի դեմ: Ահարոն Շխմրտյանի կարծիքով, հանրապետության նախագահը սփյուռքի գաղթօջախներ պետք է այցելեր ոչ թե այժմ, այլ առնվազն նախորդ տարի Մոսկվայում իր արած հայտնի հայտարարությունից առաջ: «Մասիս» շաբաթաթերթի  քաղաքական բաժնի պատասխանատուն պատմեց, որ Լոս Անջելեսում  բուռն քննարկումներ են եղել և’ տեղի հայկական հեռուստատեսությամբ, և’ մամուլում. «Լոս Անջելեսում կա ընդվզում, նախորդ կիրակի օրը ընդդեմ այդ արձանագրությունների մեծ ցույց է եղել:»,-ասում է Գրիգոր Խոդանյանը: Բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել Ուրուգվայի հայ համայնքը, այս պետությունը ինչպես հայտնի է , 1965 թվականին  առաջինն է ընդունել ու դատապարտել  հայոց ցեղասպանությունը: «Այսօր մտահոգված են, ոչ միայն Ուրուգվայի հայերը, այլև ուրուգվացիները: Նրանք ասում են` դուք մեզ համոզեցիք, որ ցեղասպանության եք ենթարկվել, մենք  աշխարհում առաջինը դատապարտեցինք, իսկ Հայաստանն այսօր ընթացք է տալիս մի ծրագրի, որը կասկածի տակ է դնում ցեղասպանության փաստը: Այս գործընթացի մասին մտահուգություն է հայտնել նաև Ուրուգվայի իշխող կուսակցությունը: Ներկայացնելով ռադիլսողների կարծիքը, կարող եմ ասել, որ ուրուգվացի ժողովուրդը խիստ դժգոհ է, քանի որ նրանց կարծիքով չի կարելի կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, նրանք  չեն հասկանում մեր` հայերիս մոտեցումը: Նման պարագայում մենք տեղի հայերս անհարմար վիճակում ենք հայտնվում»,-նշեց «Արաքս» ռադիոկայանի տնօրեն  Դիեգո Կարամանուկյանը:

Սփյուռքում Հայաստանի իշխանություններից առաջին հերթին հստակություն և թափանցիկություն են ակնկալում,  իսկ ի՞նչ է լինելու այդ արձանագրությունների վավերացումից հետո: Դրանում    սփյուռքի հայկական կառույցները հայապահպանության դեմ ուղղված վտանգ են տեսնում: «Սփյուռքը 90-95 տոկոսով համաձայն չէ արձանագրություններին: Այդ մերժման հիմնական պատճառը առաջին հերթին հոգեբանական է:Ինչքան էլ տարամաբանական բացատրություններ տրվեն, ես չեմ կարողանում հաղթահարել այդ հոգեբանական պատնեշը: »,- ասում է  Լոնդոնի «Նոր սերնդի ձայն»  ամսագրի խմբագիր Մամնուել Ադամյանը: Վերջինիս կարծիքով Հայաստանի իշխանությունները Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կապակցությամբ արտաքին ճնշումների են ենթարկվում ոչ միայն Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից, այլ առաջին հերթին Ռուսաստանի կողմից:Եվ Հայաստանը, հարևան պետության հետ հարաբերությունները կարգավորելուց հետո պետք է հայտնվի Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կիզակետում: Բանախոսները նշեցին, որ Լոս Անջելեսում  Հայաստանի Նախագահի և հայ համայնքի հանդիպման ժամանակ նախատեսվում է հյուրանոցի դիմաց բողոքի ցույց կազմակերպել:Նրանք չբացառեցին նաև Սերժ Սրագսյանի հետ հանդիպումը բոյկոտելու տարբերակը: Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա սփյուռքհայ լրագրողները `բոլորը Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ էին:

Կարինե Մանուկյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն