Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական

Պառակտիչ քարոզ կամ կեղծ սիրո օրհներգ

Սեպտեմբեր 27, 2011թ. 14:10

Վերջին շրջանում քննարկումների առարկա է դարձել «Խղճի եւ կրոնական  ազատությունների  մասին» օրենքի նախագիծը, որը հարակից օրենքներում մի շարք բարեփոխումների հետ միասին առաջարկվել է, հատկապես,  Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից: Հասարակական քննարկումներին զուգահեռ` աշխուժացել  են նաև տարաբնույթ նպատակներով սույն հարցերով զբաղվողները: Մասնավորապես, Հայաստանի տարածքում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ կրկնում են տարիներ շարունակ հնչող միեւնույն` օտար ծագում ունեցող երգերը: Այս առումով մեր ուշադրությունը գրավեց վերջերս lragir.am տեղեկատվական կայքէջում զետեղված ՙԿրկին հնչեցնենք օրհներգը սիրո՚  խորագիրը կրող երկարաշունչ հրապարակումը, հեղինակությամբ` Հայաստանում գործող նոր կրոնական կազմակերպություններից մեկի հովվի: Հարցն այն չէ, թե այս հրապարակման մեջ առկա տեղեկատվությունն ինչ նպատակով կամ հանձնարարականով է այդքա~ն  բծախնդրությամբ  հավաքվել, նաեւ թե ինչու եվրոպական եւ միջազգային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք հաճախ են հրապարակավ արժևորում հայկական մշակույթի յուրահատկությունները, արտահայտվում հայ ազգային ավանդական արժեքները բարձր գնահատելու մասին, առիթը բաց չեն թողնում, երբ ջուր պղտորելու հնարավորություն է ստեղծվում: Ցավալի է, երբ նման  ելույթների միջոցով մեր հանրությանը մատուցվում է  ապատեղեկատվություն:

Եթե հավատամ Հայ Եկեղեցու սպասավորների մասին նրա մեկնաբանություններին, ապա ակամա պիտի կասկածեմ, թե ես անդամը չեմ այն Եկեղեցու, որ ողջ աշխարհում հայտնի է իր էկումենիկ կապերով, հանդուրժողականությամբ, Ուղղափառ, Կաթոլիկ եւ Ավանդական Ավետարանական Եկեղեցիների հետ ունեցած եղբայրական ջերմ հարաբերություններով: Հեղինակն իր հրապարակմամբ փորձում է կեղծ տպավորություն ստեղծել, թե մեզանում կրոնական անհանդուրժողականություն է սերմանվում, մինչդեռ ճիշտ հակառակն է. մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կրոնական ազատությունը նույնիսկ մտահոգության աստիճանի լիբերալ է դարձել, երբ շրջիկ հոգեորսները, օտարերկրյա քարոզիչները,  Սուրբ Գրքերը  ձեռքերին, դռնեդուռ ընկած, մարդկանց վրա հոգեբանորեն ներազդելով, 2000 տարի առաջ Քրիստոսի լույսով լուսավորված ժողովրդին «Ավետարան են քարոզում», երբ օգտագործելով ամեն մի միջոց, այդ թվում և բարեգործությունը, մուտք են գործում մանկապարտեզներ ու փորձում դավանափոխ անել մանկահասակ երեխաներին:

Զարմանալի են նաեւ հեղինակի մտքերն` ուղղված լրատվամիջոցներին: Ակնհայտ է, որ հոդվածագիր հովվի համակրանքը ազգը պառակտող գործունեությամբ զբաղված աղանդներին պաշտպանող հրապարակումներով հեղեղված լրատվամիջոցների հանդեպ է, փոխարենը, հեղինակն իր քննադատական սուրն է ճոճում  Հայոց Առաքելական Եկեղեցու ու Հայոց պետության վաղվա օրով մտահոգ այն լրատվամիջոցների դեմ, որոնք փորձում են իրենց սրտացավ ու լրջմիտ հրապարակումներով  հայ հանրությանը հեռու պահել քայքայիչ աղանդների ցանցում հայտնվելու վտանգից: Ավետարանում դիպուկ է ասված. ՙԻնչու քո եղբոր աչքի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում. կամ ինչպես քո եղբորն ասում ես թող որ հանեմ այդ շյուղը քո աչքից, և ահա քո աչքում գերան կա: Կեղծավո´ր, նախ հանիր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես քո եղբոր աչքից շյուղը հանելու համար՚ (Մատթեոս Է, 4-5):

Հոդվածագիր  Նավոյանը շարունակում է. ՙներկայումս Հայ Առաքելական Եկեղեցին իր զույգ կաթողիկոսություններով անդամակցում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին, այլ միջեկեղեցական կառույցների, որոնցում իրենց մասնակցությունն են բերում ուղղադավան թե´ ուղղափառ, թե´ ավետարանական շատ եկեղեցիներ՚: Թերևս հոդվածագրին հարկ է հիշեցնել, որ Էկումենիկ համագործակցության նպատակը քրիստոնեական միության խթանումն է,  աշխարհում սիրո քարոզչությունը, խաղաղությանը նպաստելը, հանդուրժողականության սերմանումն ու ազգերի եւ ժողովուրդների միջեւ  բարեկամության հաստատումը: Եկեղեցիների համագործակցության եւ Էկումենիկ կառույցներին անդամակցության կարեւորագույն նախապայմաններից է միմյանց ճանաչելն ու միմյանց զորավիգ լինելը, հոգեորսությամբ չզբաղվելը: հետևապես, եթե մի Եկեղեցի անցնում է որոշակի դժվարությունների միջով, ապա մյուսները ոչ թե գալիս են նրա տարածք, փորձում մրցել նրա հետ, այլ իրենց օժանդակությունն են ցուցաբերում այդ Եկեղեցուն: 19-րդ դարավերջին եւ, հատկապես, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունից հետո, երբ հայ ժողովրդի զավակները տեղահան եղան եւ հաստատվեցին այլ երկրներում, Անգլիկան եւ օտար Ավետարանական Եկեղեցիները ոչ թե քարոզեցին նրանց եւ իրենց անդամները դարձրեցին, այլ եկեղեցիներ տրամադրեցին հայ հոգեւորականին` հովվելու իր հոտը:

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր էլ համագործակցում է Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան եւ Բողոքական Եկեղեցիների հետ, եւ նրանց առաջնորդները ոչ թե քարոզիչներ են ուղարկում Հայաստան, այլ զորավիգ են միմյանց` բարեգործական, կրթական, խաղաղասիրական եւ բազմաթիվ այլ ծրագրերով: Հայ Եկեղեցու դռները բաց են բոլորի առջեւ, եթե նրանք մուտք են գործում դռնից եւ ոչ` պատուհանից:

Խոսելով Հայաստանում առկա խնդիրների մասին` Ավետարանական հովիվը հիշատակում է մի աղանդագետի արտահայտած թիվ, շուրջ 360 000, եւ եզրակացնում, թե իբր այս թվին են դասվում Ավանդական Ավետարանականները, Ուղղափառներն ու Կաթոլիկները:  Տողերի հեղինակին պիտի հիշեցնեմ, որ մենք քաջ գիտենք թե´ Մխիթարյան հայրերի և թե´ այլ միությունների պատկանող հայորդիների ազգօգուտ գործերի մասին, որոնց սերն, ի դեպ, Մայր Եկեղեցու հանդեպ ամենևին էլ տեսական չէր: Սակայն եթե հեղինակի ցանկությունն է Հայաստանում տեսնել այդքան աղանդավոր, ապա պիտի հիասթափեցնեմ: Թե´ Կաթոլիկ եւ թե´ Ուղղափառ Եկեղեցիները Հայ Եկեղեցու քույր Եկեղեցիներն են: Հայ Կաթողիկե առաջնորդը գահակալությունից առաջ ստանում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը: Մեկ միլիարդից ավելի հավատացյալներ ունեցող Կաթոլիկ Եկեղեցու պետը` համաշխարհային հռչակ եւ ճանաչում ունեցող երջանկահիշատակ Հովհաննես-Պողոս Բ Պապը, այցելելով Հայաստան, ոչ թե գնաց իր համայնք, այլ հանգրվանեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանում, եկավ Հայոց Հայրապետի հրավերով եղբայրական այցի` հանուն քրիստոնեական սիրո եւ եղբայրության: Սրանք խոսուն փաստեր են եւ դաս պիտի լինեն Ավետարանական կամ Ավետարանչական հովիվների համար, որոնք երեք տասնամյակ առաջ գրեթե գոյություն չունեին Հայաստանում, իսկ այսօր նրանց համայնքների թիվը շուրջ քառասունի է հասնում:

Զարմանք են հարուցում Ավետարանական հովվի խոսքերը Հայ Եկեղեցու սպասավորի անհանդուրժողականության մասին, ով ամենայն սիրով է ընդունում օտար հոգեւորականին, որը, ի դեպ, գալիս է ո’չ թե հոգեորսությամբ զբաղվելու, այլ համագործակցելու: Հայ հոգեւորականը հովիվ է եւ աստվածաբան, նրա առաքելությունն է ինչպես Կենաց խոսքը քարոզելը, այնպես և իր հոտի անդամներին զգուշացնել ու պահպանել աղանդավորների ոտնձգություններից: Բնականաբար, հեշտ չէ նրա առաքելությունը կրոնագիտական առումով այս խայտաբղետ դաշտում` տարբերակելու աղանդավորին ու ճշմարիտ հոգեւորականին, մանավանդ երբ այդ ՙհոգեւորականների՚ մի ստվար զանգված երկիր է ներթափանցել պատուհանից:

Ոմանց պնդմամբ, աշխարհում կա ավելի քան 700 միլիոն բողոքական: Սակայն այս 700 միլիոն բողոքականները բաժանվում են շուրջ 200 խմբավորումների, որոնք, ըստ իրենց ուսմունքի, ընդունակ են տրոհվել ավելի մանր խմբերի: Այսօր, սակայն, Արեւմուտքի  ավանդական եւ դասական Ավետարանական Եկեղեցիները, ինչպիսիք են Լութերականներն ու Բարեկարգչականները, ևս դարձել են խարիզմատիկ խմբերի ու այլ  միավորումների թիրախը: Խոսքս հաստատեմ փաստերով. եթե 1985թ-ին աշխարհում կային 231 միլիոն ավանդական բողոքական  եւ շուրջ 183,5 միլիոն ազատ միավորումներ, որոնց թվում մկրտականներ, կվակերներ, հոգեգալստականներ եւ այլն, ապա այսօր դրանց թիվը կրկնակի աճել է, անշուշտ, ոչ բնական ճանապարհով (Ted A. Campbell, Christian Confessions, A Historical Introduction, London, 1989):

Հայաստանում գործող Ավետարանական կազմակերպությունները տարբերվում են իրենց ուսմունքով եւ տեսակով:  Նավոյանի հոդվածը, իր կրոնագիտական տեղեկագրով հանդերձ, խառնաշփոթ է ստեղծում: Անհայտ է մնում,  թե ինքը ո՞ր միավորմանն է պատկանում: Այնպես որ,  նախ իրենք պիտի պարզեն իրենց ինքնությունը, ճշտեն` հոգեգալստակա՞ն են, դրանից սերված խարիզմատնե՞ր, թե՞ դասական ավետարանչականներ, և նոր միայն բողոքեն, թե ինչու են իրենց  աղանդ կոչում:

Պատմության ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ Եկեղեցու ներսում առաջացել են հերձվածողներ և հերետիկոսական շարժումներ, ինչպես, օրինակ, ժամանակակից խարիզմատներին նմանություն ունեցող մոնտանականները, սակայն վերջիններս ձուլվել են Եկեղեցուն: Ներկայումս, արդարեւ, ավելի վտանգավոր և երկարակյաց են այն կառույցները, որոնք, ունենալով ֆինանսական մեծ միջոցներ, օգտվելով առկա հիմնախնդիրներից, ներթափանցում են հիմնականում հասարակությունների խոցելի խավերի մեջ, տարածվում ու հաստատվում առաջին հերթին ավանդաբար քրիստոնյա համարվող երկրներում:  Այսօր Համաշխարհային ճանաչում ունեցող  աստվածաբաններ, էկումենիկ շարժման առաջնորդներ փորձում են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին եւ էկումենիկ այլ կառույցներին անդամակցել չցանկացող, հոգեորսությամբ չզբաղվելու սկզբունքը հարգել չցանկացող (ի դեպ, այս սկզբունքը այդ կառույցներին անդամակցելու նախապայման է) համայնքների ներկայացուցիչներին երկխոսության բերել  Համաշխարհային Քրիստոնեական Ֆորումների միջոցով:  Եթե առանձին դեպքերում անհատ աստվածաբանների հետ երկխոսություն լինում է (Կաթոլիկ Եկեղեցուն հաջողվել է խարիզմատիկ մի շարք համայնքների իր գիրկը վերադարձնել), ապա գլոբալ առումով սա անհնարին է:

Ավետարանն ասում է. ՙԿա´մ ծառը բարի արեք, և նրա պտուղն էլ բարի կլինի, կա´մ ծառը չար արեք, և նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչվում՚ (Մատթ. ԺԲ, 33): Գուցե աղանդ հասկացությունը պատմական, փիլիսոփայական եւ աստվածաբանական այլ բովանդակություն է ստացել, սակայն ամեն մի ծառ իր պտղից է ճանաչվում: Եթե մեկը գործում է որպես աղանդավոր` անդամներ գրավելով այլ Եկեղեցուց, մուտք գործելով մեկի տուն` անտեսելով բարոյական նորմերը, քարոզելով, թե իր ծնողները լավը չեն, ո՞վ է, ուրեմն այդ անձը: Մի՟թե նույն պատճառով չէ, որ հայ ավետարանական ութ հովիվները դեմ են Խղճի եւ կրոնական ազատությունների մասին օրենքի այն դրույթին, որն արգելում է նրանց գործել իրենց հավատացյալ անդամների շրջանակից դուրս, դեմ են հոգեորսությունը քրեականացնող այն օրենքներին, որոնք խստիվ արգելում են բարեգործության միջոցով նոր անդամներ ներգրավել:  Անընդունելի է, երբ մի կողմից խոսվում է էկումենիզմի մասին, իսկ մյուս կողմից ընդլայնում են իրենց համայնքները մեկ այլ Եկեղեցու հաշվին` փորձելով օգտագործել Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իրավունքի բացերը  կամ էլ առաջ քաշելով Հայ Եկեղեցու բարեկարգության 19-րդ դարի հնամաշ թեզերը:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի  առաջին գլխավոր քարտուղար Վիսերտ Հուֆտն իր հուշերում պատմում է Հունաստան կատարած  այցելության մասին, ուր գրում է, թե Հառնակի և բողոքական այլ աստվածաբանների ազդեցությամբ իրենք ուղղափառությունը համարում էին քարացած միջնադարի արտահայտություն: Արևմտյան բողոքական միսիոներները, քարոզելով այլ երկրներում, ուղղափառներին ու կաթոլիկներին հավասարաբար հեթանոսներ էին համարում: Թեև այսօր այդ տեսակետն անցած փուլ է ավանդական բողոքականների համար, սակայն այն գործում է արագ տարածվող բողոքական ազատ հարանվանությունների մեջ, որի հետևանքով Ուղղափառ Եկեղեցիները դառնում են բողոքական միսիոներների թիրախը:

Ժամանակակից էգալիտար հասարակությունների կայացման կարեւոր նախապայմաններից են ժողովրդավարությունն ու կարծիքների բազմազանությունը, որ ընդգրկում են մարդու բոլոր հիմնարար ազատությունները: Սակայն այս ազատությունները սահմանափակվում են, երբ պարտադրվում է մեկ ուրիշի ազատությունը: Այսօր հայ իրականության մեջ հաճախ է խոսվում ազատությունից, սակայն, չգիտես ինչու, անտեսվում է պատասխանատվությունը` հարգելու հայ  ժողովրդի ազգային-մշակութային ավանդույթները: Հայ Առաքելական Եկեղեցին հարգում է այլ կրոնական միավորների իրավունքները եւ դեմ չէ նրանց գրանցմանը` գործելու օրենքի պահանջներին համապատասխան եւ միմիայն իրենց հավատացյալների շրջանում: Նույն մոտեցումը կիրառվում է նաեւ արտերկրում: Հայ Եկեղեցին, որպես ազգային հավատի խորհրդանիշ, ունի հստակ իրավունքներ, իսկ Հայաստանում գործող կրոնական հարանվանությունների ներկայացուցիչները պարտավոր են հարգել դրանք:

Հարկ եմ համարում նաեւ նշել, որ տարիներ շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով խոսել է աղանդակերպ գործելու երեւույթի մասին եւ կոչ արել Ավետարանական հովիվներին դադարեցնել իրենց պառակտիչ գործունեությունը: 19-րդ դարը մեր Եկեղեցու պատմության մեջ հայտնի է իր ցավալի դեպքերով, երբ, չճանաչելով Հայ Առաքելական Եկեղեցին, տեղյակ չլինելով նրա հարուստ հոգեւոր ժառանգությանը, օտար քարոզիչները, ինչպիսին Դուայթներն էին, բաժանեցին մեր հավատացյալների մի հատվածի: Այսօր ժամանակներն այլ են: Հայ Եկեղեցին ունի առավել լայն հնարավորություններ եւ նախանձախնդրությամբ կատարում է իր հոգեւոր առաքելությունը:

Ցոլակ սարկավագ Հարությունյան

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն