Շ. Քոչարյան. «ՄԱԿ-ի ԱԽ անդամ է փորձում դառնալ մի երկիր, որը պատերազմով սպառնում է հարևան երկրին»
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ասել է, թե Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ:
Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:
Շավարշ Քոչարյանն ասել է.«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, այս կազմակերպությունը իր առջեւ երեք նպատակ է դնում. առաջին նպատակի էությունը խաղաղության պահպանումն է եւ հակամարտությունները միայն խաղաղ ճանապարհով լուծելը: Երկրորդ նպատակը ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի հարգումն է: Իսկ ՄԱԿ-ի երրորդ նպատակը համագործակցությունն է` հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների վրա, անկախ ազգային, լեզվական եւ կրոնական պատկանելիությունից»,- ասել է ԱԳ փոխնախարարը:
Սակայն, ինչպես փաստել է Շավարշ Քոչարյանը, Բաքվի քաղաքականությունը հակասում է այդ երեք նպատակներին, նա ընդգծել է. « Ադրբեջանը փորձում է նվազեցնել ՄԱԿ-ի հեղինակությունն իր հնարավոր ժամանակավոր անդամությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում»:
«Պարադոքսալ իրավիճակ է, երբ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ է փորձում դառնալ մի երկիր, որն անընդհատ շարունակում է պատերազմով սպառնալ իր հարեւան երկրին»:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, ՄԱԿ, Շավարշ Քոչարյան, Պատերազմ












