Գլխավոր » Լրահոս

Հասարակական դաշտը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին:

Սեպտեմբեր 30, 2009թ. 19:22

Այսօր Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Մոսկվայի տանը» մասնակցեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին վերաբերող խորհրդաժողովին:

«Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագիրը կրող միջոցառման նախաձեռնողներն էին «Միտք» վերլուծական կենտրոնը, «Արդարություն և իրավունք» և «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունները: Ավելի քան երեք ժամ տևած քննարկման ընթացքում ելույթ ունեցած մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները, բազմակողմանորեն վերլուծելով իրավիճակը,  քննադատության արժանացրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները` շեշտելով, որ դրանք   պարունակում են Հայաստանի անվտանգությանը սպառնացող կետեր:

Բացման խոսքում «Արդարություն և Իրավունք» ՀԿ-ի նախագահ Արեգ Սվագուլյանը նշել է, որ իշխանությունների կողմից արձանագրությունների գովերգումը կեղծ է և փաստաթղթի բուն էությանը չի համապատասխանում:  «Թուրքիայի հետ սահմանի բացումը «խիստ անհրաժեշտ թթվածին չէ», ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները», – ասել է Սվագուլյանը:

Խոսելով նախաստորագրված արձանագրություններում տեղ գտած թերությունների մասին` «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասել է, որ այնտեղ գոյություն ունեն երկու կարևոր բացթողումներ: Նախ, խոսքն այն մասին է, որ արձանագրություններում տեղ գտած արտահայտություններն իրավականորեն սխալ են ձևակերպված և կարող են մեկնաբանվել յուրաքանչյուր կողմի շահեկան դիրքերից: Երկրորդ հանգամանքը, որը նշել է փորձագետը, վերաբերում է այն փաստին, որ արձանագրությունների հայերեն և անգլերեն տեքստերի մեջ գոյություն ունեն իմաստային տարբերություններ: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, թարգմանելով այս փաստաթուղթը և ներկայացնելով մեր հասարակության ուշադրությանը, պարզապես փորձել է կեղծել իրականությունը և խաբել բնակչությանը փաստաթղթի բուն էությանն առնչվող հարցերում», – ասել է Մելիք-Շահնազարյանը` ավելացնելով, որ վերոնշյալ արձանագրություններում գոյություն ունեն նախապայմաններ և դրանք վերաբերում են նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու ցեղասպանության խնդիրներին:

Մելիք-Շահնազարյանը նշել է, որ եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ապա հասարակությանը ներկայացված տեքստը պետք է ունենար հետևյալ բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը, ելնելով Վիեննայի 1961 թ. կոնվենցիայի դրույթներից, համաձայնեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատել միմյանց միջև դեսպանատան կամ այլ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակով»: Փորձագետի կարծիքով, այսպիսի ձևակերպումից դուրս ասված ցանկացած խոսք նշանակում է նախապայման, նշանակում է քաղաքական խաղ, որից անպայման պետք է խուսափել:

«Այս քաղաքականությունն իրականացնողները կույրեր են, և երբ կույրը կույրին է առաջնորդում, ընկնում են փոսը։ Ցավոք սրտի, այսօր նրանք են որոշում մեր ճակատագիրը և մեզ էլ իրենց հետ տանում են փոսը։ Ցավոք սրտի, ազգի մեծամասնությունն անտարբեր է իր իսկ ճակատագրի նկատմամբ և հավատում է իշխանությունների խոստացած ոսկե սարերին։ Մենք այնտեղ ենք հասել, որ մեր ազգի վրա թակարդ լարողներն անգամ պանիր չեն դրել» – ասել է համաժողովի կազմակերպիչ մեկ այլ կառույցի` «Նոր Հայաստան» ՀԿ-ի առաջնորդ Էլեոնորա Մանանդյանը` ավելացնելով, որ հասարակության այս անտարբերությունն ընդհանուր հիասթափության հետևանք  է, և այդ հիասթափությունը գալիս է  իշխանություններից։

«Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագիրը կրող քննարկման ավարտին մասնակից ավելի քան 80 կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:



Թեգեր` , , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն