Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Լարիսա Ալավերդյան. «Երեւանի քաղաքապետարանը իրականացնում է հակասահմանադրական գործընթաց»

Հոկտեմբեր 2, 2011թ. 09:31

Արդեն մի քանի ամիս է, ինչ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել եւ իրականացնում է հակասահմանադրական գործընթաց` Երեւանում տարիներ շարունակ օրինական գործող կրպակների ապամոնտաժում` պարտադրելով քաղաքացիներին արտագաղթի, առնվազն իրենց ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ վաստակելու նպատակով: Այդ գործողությունները կատարվում են ապօրինի մեթոդներով, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների կիրառմամբ: Այս ամենը քողարկվում է հատվածական հիմնավորմամբ, մասնավորապես` կրպակատերերի պայմանագրերի ժամկետների ավարտման փաստով:             Նախ եւ առաջ նշենք, որ անօրինական գործողությունների կիրառումը տեղի է ունեցել նաեւ այն կրպակատերերի նկատմամբ, որոնց պայմանագրերը դեռ ուժի մեջ են: Բայց, անգամ այն դեպքերում, երբ պայմանագրի ժամկետը ավարտված է, քաղաքապետարանը պարտավոր է նախեւառաջ ապահովել սահմանադրության 3-րդ հոդվածով նշված «մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», այդ թվում` «ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու» (ՀՀ Սահմանադրութուն Հոդված 33, կետ 1) եւ «ընտանիքի համար բավարար կենսամակարդակի բարելավման» (ՀՀ Սահմանադրութուն, Հոդված 34) իրավունքները: Նշենք նաեւ, որ Սահմանադրության 48-րդ հոդվածով պետության հիմնական խնդիրներից է բնակչության զբաղվածության եւ աշխատանքային պայմանների բարելավմանը նպաստելը, այլ ոչ թե խոչընդոտելը:

Իր գործունեությամբ քաղաքապետարանը խախտում է բազմաթիվ այլ սահմանադրական նորմեր, օրինակ 83-րդ հոդվածի կետ 5-րդը, որտեղ, մասնավորապես, հստակեցված է, որ “բացառապես  ՀՀ օրենքներով են սահմանվում…. 2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները,…. հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը”, իսկ 6-րդ հոդվածի համաձայն “այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ օրենքներին”:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը Երեւանի քաղաքապետարանից եւ բոլոր պատկան պետական մարմիններից պահանջում է անհապաղ դադարեցնել հակասահմանադրական եւ ուղղակի կամայական բնույթ կրող գործողությունները, այլ օրենքներով նախատեսված սահմանափակումները իրականացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում` տրամադրելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու երկկողմանի համաձայնեցված այլընտրանքային տարբերակ եւ դրանով իսկ վերջ տալ պարտադրված արտագաղթի խթանմանն ուղղված քաղաքականությանը:

Ժողովրդին է պատկանում իշխանությունը: Հայաստանի Հանրապետոեւթյան Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն` «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն