Ստամբուլում հիմնվել է Սիրիայի Ազգային Խորհո՞ւրդ
Սա ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ «Մուսուլման եղբայրների» դաշինք է
Սիրիայի ընդդիմությունը կիրակի օրը Ստամբուլում հիմնել է Սիրիայի ազգային խորհուրդ (CNS), որը միավորում է նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող բոլոր քաղաքական ուժերին: «Ֆիգարո» թերթը հաղորդում է, որ շաբաթ օրվանից դռնփակ նիստեր էին անցկացվում խորհրդի ստեղծման նպատակով:
«Ազգային խորհուրդը միավորում է ընդդիմության եւ խաղաղ հեղափոխության ուժերին, ներկայացնելով սիրիական հեղափոխությունը երկրում եւ արտերկրում», ասում է փարիզաբնակ դասախոս Բուրհան Ղալիունը: Նրա խոսքերովՙ խորհուրդը «ջանում է միավորել սիրիացիների բոլոր խավերին, օժանդակել հեղափոխության առաջընթացին եւ վարչակարգի տապալմանն ուղղված սիրիացիների ակնկալիքների իրականացմանը»:
Խորհուդը ներառում է մասնավորապես տեղական ցույցերի կազմակերպիչ hամակարգող հանձնախմբերին, ազատականներին, Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներին», ինչպես նաեւ քրդերին եւ ասորիներին:
Խորհրդի նախագահությունը վստահված է Ղալիունին: Ղեկավարության կազմում են նաեւ խոսնակ Բասմա Կոդմանին, «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մոհամմեդ Ռիադ ալ Շաքֆան եւ այսպես կոչված «Դամասկոսի հռչակագրի» ներկայացուցիչները: Խորհրդի 190 անդամների ընդհանուր ժողովը տեղի կունենա նոյեմբերի սկզբներին «հավանաբար ոչ Թուրքիայում», հայտարարել է Բասմա Կոդմանին:
Կազմակերպությունն ունի 29 հոգուց ընդհանուր քարտուղարություն: «Սիրիայի հասարակության բոլոր խավերին միավորող ազգային խորհրդում արդեն փոխադարձ վստահություն է տիրում: Մենք համոզված ենք, որ հարկավոր է միասին աշխատել», ասում է Կոդմանին:
Դամասկոսում դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Սիրիայի ազգային խորհրդի ստեղծումը ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ «Մուսուլման եղբայրների» փոխհամաձայնության արդյունք է, որը թույլ է տալիս դաշնակից դարձնել ընդդիմության երեք գլխավոր ուժերինՙ «ազգայնականներին», «ազատականներին» եւ «իսլամիստներին»:
«Ազգ»
ArmAr.am












