Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«Իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, խոսքերից այն կողմ չի անցնում»

Հոկտեմբեր 7, 2011թ. 16:42

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության ՙԽորհրդարանական շաբաթ՚ հաղորդման շրջանակներում

Սիրելի´ հայրենակիցներ,

«Ժառանգություն» կուսակցության պատգամավորները եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ Երեւանում եւ մարզերում: Հերթական հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խորհրդակցել ձեզ հետ երկրում ստեղծված ներկա իրավիճակի եւ դրա շտկման ուղիների վերաբերյալ: Մի իրավիճակ, որը չի լուծում քաղաքացիների տարրական ապրուստի խնդիրները եւ վտանգում է մեր հավաքական ազգային անվտանգությունը:

Իշխանությունների կողմից տարվող քաղաքականությունը, խոսքերից այն կողմ չի անցնում: Խոստացված բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումը եւ ազատ մրցակցության ապահովումը, արհեստական մենաշնորհների վերացումը, մանր ու միջին բիզնեսին աջակցությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների գների նվազման ապահովումը այդպես էլ մնում են թղթի վրա: Ցավոք, առկա ճգնաժամային իրավիճակը ոչ միայն չի հաղթահարվում, այլ ընդհակառակը, գրեթե բոլոր ցուցանիշներով ավելի է խորանում:

Օրեցoր ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը եւ գոյատեւաման վերջին հնարավորությունները: Օրինակները շատ են. բերեմ ընդամենը մեկը` բացօթյա առեւտրով զբաղվողների եւ կրպակատերերի խնդիրը: Ունենալով եկամտի որոշ աղբյուրներ` այդ մարդիկ իրենց աշխատանքի շնորհիվ հոգացել են իրենց սոցիալական նվազագույն պահանջները: Նրանց մեջ չեք գտնի որեւէ մեծահարուստի, հակառակ դեպքում իշխանավորների նման սուպերմարկետներ կունենային: Այդ մարդիկ ոչ միայն բեռ չէին պետության համար, այլ կրպակատերերի դեպքում` նաեւ հարկեր ու տուրքեր էին մուծում: Եվ քանի որ իշխանությունները խնդիր են դրել մանրածախ առեւտուրը եւս կենտրոնացնել իրենց ձեռքերում, ուստի, ճգնաժամային այս իրավիճակում հաշվի չառնելով ժողովրդի դժվարություներով լի կյանքը, որոշել են վերացնել իրենց մրցակից այդ փոքր բիզնեսները եւս:

Վարվող քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մեկ տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքները եւ կենսաապահովման նվազագույն զամբյուղն աճել է գրեթե 50%-ով: Ակնհայտ է, որ իշխանությունները սպասարկում են ոչ թե պետության եւ ժողովրդի շահերը, այլ, կեղծված ընտրությունների միջոցով տիրանալով պետական լծակներին, ծառայեցնում են դրանք սեփական հարստացմանը:

Ուստի, մենք բոլորս ունենք համատեղ պայքարի անհրաժեշտություն, որի արդյունքում միայն կարող ենք դուրս գալ այս խայտառակ վիճակից:

Եվ ուրեմն կհանդիպենք հոկտեմբերի 15-ին` շաբաթ օրը, ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհի հրապարակում:

ArmAr.am


Թեգեր`

Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն