Վաչագան Վահրադյան.«Լավը թողած, վատերն ենք ընդօրինակում ու ավելի ենք վատացնում, որովհետև բերում ենք ձևը, ոչ թե բովանդակությունը»
«Գլոբալիզացիա բառի իմաստը մենք հաճախ շփոթում ենք: Գլոբալիզացիան բնական երևույթ է, հենց մարդկությունն առաջացել է, սկսվել են գլոբալիզացիոն երևույթներ: Տարբեր ցեղեր իրար հետ կապեր են ստեղծել, հետո այդ մշակույթները տարածվել են: Հիմա այդ տեմպերն արագանում են: Գլոբալիզացիայի իմաստը հասարակությունների միջև կապերի ստեղծումն է, բայց կան համաշխարհային ուժեր, որոնք փորձում են այդ անվան տակ համահարթեցնել ամեն ինչ` մշակութային համահարթեցում, տնտեսական:
Օրինակ, հենց դրա մասին է խոսում Եվրամիություն կոչվող քաղաքական կազմավորումը: Հունաստանը մտավ Եվրամիություն, նրանից պահանջեցին արտադրել որոշակի քանակությամբ նարինջ, ձիթապտուղ և այլն: Վերացրին հսկայական պլանտացիաներ, ձիթապտղի ծառեր: Արդյունքում հիմա Հունաստանն ընկած է այնպիսի խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որի պատճառով ամբողջ Եվրամիությունը կարող է քանդվել: Գլոբալիզացիայի քողի տակ փորձում են համահարթեցնել, այլ կերպ ասած` նեոգաղութացում է տեղի ունենում` մշակութային, տնտեսական և այլն: Նույն բանն անում էր Խորհրդային Միությունը:
Պե՞տք է ընդունենք եվրոպական արժեքները: Որո՞նք են այդ արժեքները: Ինձ հասած տեղեկություններով, Եվրոպայում արգելվել է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել հայր և մայր տերմինները` սեռական փոքրամասնություններին չվիրավորելու համար:
Եվրոպայում կան լավ, ուսանելի բաներ, որոնք կարող ենք սովորել` եվրոպական քաղաքների կոկիկությունը, փողոցների մաքրությունը, որ մեծ ֆինանսներ չի պահանջում, կրթական համակարգը, ընտրական համակարգը, որ ընտրակաշառք չլինի: Լավը թողած, վատերն ենք ընդօրինակում ու ավելի ենք վատացնում, որովհետև բերում ենք ձևը, ոչ թե բովանդակությունը:
Բովանդակության մասին: Ես իմ աշխատություններում նշել եմ, թե ինչ արժեքներ ենք տվել մենք աշխարհին: Հայկական արժեհամակարգը պետք է վերականգնել, իսկ Եվրոպան թող բարի լինի նայել, ուսումնասիրել և եթե նպատակահարմար կգտնի` նաև հետևել դրանց:
Վերջին հաշվով ասում ենք, չէ՞, լիբերալ աշխարհ է, մենք անկախ պետություն ենք, ուրեմն մենք մեր ձևով պիտի ապրենք, այն արժեհամակարգով, որով ապրել է իմ պապը: Չեմ ասում նույն ձևերի մեջ, բայց բովանդակությունը պետք է նույնը լինի: Տեսեք, ես ասում եմ, հայկական արժեհամակարգը պաշտամունքի առարկա է դարձրել ընտանիքի մորը: Այդ երեխաները, աղավաղելով իմ միտքը, ասում են, որ ես կոչ եմ անում, որ մենք մեր կանանց փակենք բնակարաններում ու դուրս չթողնենք:
Երբ ես ասում եմ` աղջիկ երեխան պետք է դաստիարակվի որպես ապագա մայր, այստեղից չի հետևում, որ այդ երեխան ոչ մի ուրիշ բանով չպետք է զբաղվի: Ի՞նչ եք կարծում` Մարգըրետ Թետչերը վա՞տ մայր էր, Ինդիրա Գանդին վա՞տ մայր էր, Մարիա Սկլոդովսկայա-Կյուրին վա՞տ մայր էր: Իհարկե` ոչ: Կնոջ մայր լինելը չի բացառում նրա մասնագիտական ձեռքբերումներ ունենալը: Դրանք տարբեր հարթությունների երևույթներ են»:
«Իրատես դե ֆակտո» ArmAr.am












