Կոնգրեսը դադարեցրեց շուրջօրյա ակցիան
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօրվա հանրահավաքում ելույթի փոխարեն ներկայացրել է մի փաստաթուղթ, որը մի քանի օր տեւած քննարկումների ընթացքում ընդունվել է Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում, հետո քաղխորհրդում, իսկ հետո համաձայնեցվել է տարածքային կառույցների ղեկավարների հետ: Փաստաթուղթը կոչվում է շուրջօրյա հանրահավաքների բանաձեւը:
Դրանում ամփոփվում է անցած ութ օրը, վիճակագրությամբ, թե ինչքան մարդ է գիշերել վրաններում, որքան մարդ է նստել հարթակի աստիճաններին, քանիսն են ընդհանրապես մասնակցել հանրահավաքներին ընդհանրապես:
Արձանագրվում է, որ կարեւոր նվաճում դարձավ մարտի մեկից հետո եւ Կոմգրեսի համակրիրների, եւ առաջնորդների հանդեպ դաժան հալածանքից հետո վախի մթնոլորտի հաղթահարումը եւ իշխանության ամենակարողության միֆի հաղթահարումը:
Բանաձեւն արձանագրում է նաեւ, որ շուրջօրյա հանրահավաքները ցույց տվեցին, որ Կոնգրեսն է միակ ուժը, որ իր առաջ դրել է իշխանափոխության իրական խնդիր: Նաեւ ասվում է, որ ակցիան բացահայտեց Կոնգրեսին անվճռականության մեջ մեղադրողների սնանկությունը:
Բանաձեւն արձանագրում է, որ Կոնգրեսը վճռական եւ պատրաստ է նաեւ անժամկետ շուրջօրյա հանրահավաքների: Նաեւ նշվում է, որ Ազատության հրապարակը վերածվեց մի յուրօրինակ համալսարանի այն նոր սերնդի համար, ով չի անցել այդ համալսարանի 88-ի եւ 2008-ի դասերը: Բանաձեւում նշվում է, որ իշխանության բազմաթիվ սպառնալիքները վկայեցին, որ իշխանությունն էլ Հայ ազգային կոնգրեսին է համարում իր միակ հակառակորդը:
Բանաձեւում նաեւ նշվում է, որ իշխանությունը չգնաց ուժային լուծման այդ ութօրյա ակցիայի ընթացքում, որովհետեւ չի հաղթահարել մարտի մեկի ծանրության հոգեբանական բարդույթը եւ նաեւ Կոնգրեսը մեծ միջազգային հեղինակություն է ձեռք բերել այս օրերի ընթացքում:
Նշվում է, որ շուրջօրյա ակցիայի ընթացքում ավելի կուռ դարձավ Կոնգրեսի միասնությունը, նաեւ հոգեւոր ու մարդկային միասնության առումով:
Աշխարհը չի սիրում չպայքարող, համակերպվող ազգերին, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդմիջելով բանաձեւի ընթերցումը: Իսկ բանաձեւի մեջ նշվել է, որ շուրջօրյա ակցիաների ընթացքում ԵԽԽՎ-ն փոփոխություններ կատարեց Հայաստանի մասին բանաձեւում եւ լուրջ պարտավորություններ դրեց իշխանության առաջ, դրանով ցույց տալով միջազգային կառույցների որոշումների կախվածությունը համաժողովրդական շարժման ակտիվությունից:
Երկխոսությունը, եւ նույնիսկ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ չեն դադարել այժմեական լինել, հայտարարել է Տեր-Պետրոսյանը եւ ասել, որ այսօրվանից միակ լոզունգը լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Բանաձեւում նշվում է, որ շուրջօրյա ակցիան պայքարի կարեւոր հանգրվաններից մեկն է, եւ ուստի, Կոնգրեսը առաջին հերթին շուրջօրյա հանրահավաքի ակտիվիստներին առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել ակցիան: Ոչ, ոչ, բացականչել են հանրահավաքի մասնակիցները, ինչին Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ պայքարի հաջողությունը կախված է Կոնգրեսի ղեկավարությանը հետեւելու կարգապահությունից: Տեր-Պետրոսյանը շարունակել է, որ առաջարկում է դադարեցնել ակցիան ժամանակավորապես, եւ պատրաստ լինել պահանջված պահին ձեռնամուխ լինել անժամկետ շուրջօրյա նստացույցի: Բանաձեւը բոլոր մասնակիցներին շնորհակալություն է հայտնում եւ մաղթում ամենայն բարիք, իսկ հաջորդ հանրահավաքի օր նշանակում հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում Կոնգրեսը հաշվի առնելով այս միջոցառման հաջողված փորձը, այդ օրը հանրությանը կներկայացնի իր հետագա անելիքներն ու ծրագիրը: Տեր-Պետրոսյանն ավարտել է խոսքը:
Այդպիսով, Կոնգրեսը դադարեցնում է շուրջօրյա ակցիան:












