Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ա.Աբրահամյան. «Անկախ Հայաստանի գոյությամբ, նրա 20-ամյակով մենք Սփյուռքում նոր ոգեւորություն ձեռք բերեցինք»

Հոկտեմբեր 11, 2011թ. 10:05

AbrahamjanՄեկնարկեց «Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագիրը, որն արդեն ամենամյա բարի ավանդույթ է դարձել` սկսած 2001-ից: Ծրագրի հիմնական նպատակներն են` նպաստել Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը, Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի ներսում բազմակողմանի գործակցության, կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, աջակցել հայ երիտասարդության ստեղծագործական ներուժի իրացմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը: Այս տարի ծրագիրը նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին: Այս իրադարձությանն է նվիրված նաեւ ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-իՙ Հայաստանում 2011-ին ծավալած ողջ գործունեությունը:

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս ծրագրի օրերին հայրենիք է ժամանում Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Անկախ Հայաստանի գոյությամբ, նրա 20-ամյակով մենք Սփյուռքում նոր ոգեւորություն ձեռք բերեցինք: Իհարկե, այսօր էլ կան մի շարք խնդիրներ ու հարցեր, սակայն սա չի նշանակում, որ մենք ձեռքբերումներ չունենք, որ մենք չենք կայացել», երեկ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում տված ասուլիսում նշեց Արա Աբրահամյանը: ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահը ընդգծեց, որ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել նոր նախաձեռնություններով ու առաջարկներով: Արա Աբրահամյանը դրանցից առանձնացրեց Հայաստանում ֆինանսական ֆորում ստեղծելու ՌՀՄ առաջարկությունը. «Այս հարցի շուրջը մենք զրուցել ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ստացել նրա աջակցությունը», ասաց Աբրահամյանը:

Ընթացիկ տարին Հայաստանում Միությունը հայտարարել էր նաեւ Երիտասարդության տարի: Հետեւաբար այս տարվա ՌՀՄ եւ ՀՀԿ կազմակերպած ավանդական, արդեն հինգերորդ տարին անցկացվող մրցանակաբաշխություններին` ստեղծագործական ու գիտական միությունների հետ, իբրեւ պարտադիր պայման, մասնակցում են միայն երիտասարդ գիտնականներն ու ստեղծագործողները: Բացի արդեն յոթ ոլորտներում մրցանակաբաշխություններից` ՀՀԿ եւ ՌՀՄ հովանավորությամբ անցկացվում ու շարունակվում են նաեւ ծրագրեր` սփյուռքի, պաշտպանության, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունների հետ համատեղ: Մասնավորապես ՊՆ-ի հետ համատեղ անց է կացվում` «Լավագույն սպա, լավագույն զինվոր» մրցանակաբաշխությունը:

Այս մրցանակաբաշխությունները հենց կայանալու են Երեւանում ՌՀՄ եւ ՀՀԿ օրերին` հոկտեմբերի 10-14-ը: Բացի սրանից` կայանալու են պաշտոնական հանդիպումներ, ծառատունկ, ՌԴ եւ ՀՀ իրավաբանների միջեւ հանդիպումներ եւ համագործակցության հաստատում, հաշվետու համերգներ, կշարունակվի նաեւ «Հայկական կինոյի ամիս» ծրագիրը եւ այլն: «Ամեն հայ պետք է մտածի, որ եթե մի բանով կարող է օգնել հայրենիքին, ուրեմն պետք է օգնի», ասաց Արա Աբրահամյանը:

ՌՀՄ նախագահը անդրադարձավ նաեւ ներռուսաստանյան որոշ հարցերի ու իր գլխավորած կազմակերպության` Ռուսաստանում ունեցած դերին: «Մենք, որպես համառուսաստանյան հասարակական կազմակերպություն, օրինակ ենք ՌԴ-ում, քանի որ մենք աշխատում ենք բոլոր ռուսաստանյան ազգերի, նրանց կառույցների ու պետական բոլոր մարմինների հետ: Ռուսաստանում այսօր` այս նախընտրական շրջանում բոլոր, այդ թվումՙ ազդեցիկ կուսակցությունները մեզ ներկայացնում են իրենց ծրագրերը: Սա խոսում է մեր նշանակության ու կարեւորության մասին: Իսկ այս ամենը հնարավոր եղավ միայն մեր համախմբման արդյունքում: Ես համոզված եմ, որ միայն համախմբվելով մենք կարող ենք լուրջ հարցեր լուծել ու մեծ դերակատարում ունենալ ցանկացած գործընթացներում», ասաց Արա Աբրահամյանը:

Անշուշտ հենց այս համախմբման ոգով Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը 2012-ին նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը` ընդգրկելով նոր ոլորտներ: Հատկապես ուշադրություն է դարձվելու զարգացման ծրագրերին, հայ պատմագիտության եւ ազգային արժեքների պահպանության հարցերին:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն