Եկեղեցին իր առաքելության մեջ է
Որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ՝ ուշադրությամբ հետևում եմ մեր Եկեղեցուն առնչվող հրապարակումներին, որտեղ, ցավոք սրտի, հաճախ արտահայտվում են հիասթափեցնող, հոռետեսական, պառակտիչ ու տրամաբանությունից զուրկ մտքեր։ Այս վտանգավոր ու շինծու երևույթին ժամանակին ու համարժեք չհակազդելու դեպքում այն կարող է վտանգավոր լինել ազգապահպանման համար և գայթակղություն՝ բարեպաշտ հավատացյալների համար։ Բարեբախտաբար մեր իմաստուն ժողովուրդը կարողանում է տարբերել թացը չորից և վերջին ժամանակներում, հակառակ որոշ ուժերի ջանքերին, առավել ջանասիրաբար են նեցուկ լինում Եկեղեցուն։ Դժվարությամբ, բայց ամուր հավատքով կարողանում են դիմադրել այն ավերիչ ուժին, որ փորձում է պառակտել ազգի մեջ եղբայրասիրությունն ու հանդուրժողականությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը: Երկրի վրա գործելով՝ ոչ ոք և ոչինչ անթերի ու անսխալական լինել չի կարող։ Եկեղեցու «թերությունը», թերևս այն է, որ իր ազգանվեր գործունեության մասին համեստորեն չի բարձրաձայնում ու «Տժվժիկ»-ի պատմություններով չի լցնում իր տեղեկատվական ցանցը, ինչից օգտվելով որոշ անհատներ ու կազմակերպություններ մեր բարեպաշտ ժողովրդին հրամցնում են չափազանցված ու նենգափոխված պատմություններ՝ փորձելով հասարակության մեջ խուճապ առաջացնել ու ստեղծել իրենց համար շատ ցանկալի անվստահության մթնոլորտ։
Կանխելու համար նորանկախ Հայաստանում մարտնչող հակաեկեղեցական տրամադրության ու աղանդավորական շարժումների համար բարենպաստ մթնոլորտ ձևավորվելու միտումը՝ բոլոր առողջ ուժերը պետք է միասնական գործեն։ Յուրաքանչուր նախանձախնդիր քրիստոնյայի համար Եկեղեցու հեղինակությունը իր հեղինակությունն է, որովհետև Եկեղեցին ժողովուրդն է, և ամեն մի խոսք, որ ասվում է Եկեղեցու դեմ՝ ասվում է ժողովրդի դեմ։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել։
Անարդար է թյուր հասկացված որոշ երևույթների համար լուտանքներ թափել ու մեղադրանքներ հնչեցնել Եկեղեցու հասցեին։ Անարդար է նաև ազնիվ մղումներով բարերարներին մեղադրել «անգրագետ» հայրենասիրության մեջ։
Կասկածելի կազմակերպությունների ի հայտ գալն ու բուռն ներքաղաքական ու եկեղեցու նկատմամբ խմորումներն իրար համադրելով ու վերլուծելով, թերևս դժվար չէ եզրակացնել, որ Հայ Ազգի միասնականությունն ու հզորացումը որոշ անհատների ու կազմակերպությունների նպատակների մեջ չեն տեղավորվում։ Ենթադրելի է, որ կան ուժեր, որոնք որոշ ակնկալիքների հովերով տարված, եկեղեցական պարարտ հողի վրա ջանասիրաբար որոմ են ցանում, իսկ խնդրին ոչ բոլորովին իրազեկ բարեմիտներ էլ ընկնում են մոլորության մեջ՝ մտածելով թե օգտակար ծառայություն են մատուցում Եկեղեցուն։ Կարծում եմ շատերի ակտիվության մղիչ ուժը առավել հզոր ու առավել հեղինակավոր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ունենալու տեսլականն է։ Հոդվածագիրները նախ և առաջ կատարում են իրենց մտքի պատվերը, սակայն պետք է զգույշ լինել եկեղեցականներից ավելի եկեղեցասեր երևալու գայթակղությունից:
Եկեղեցու գործունեությունը ճիշտ ընկալելու համար անհրաժեշտ է ճիշտ տեղեկացված լինել, հապճեպ եզրահանգումներ ու, մանավանդ, սխալ հայտարարություններ չանել։ Անտրամաբանական ու անարդար է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին մեղադրել եկեղեցավնաս արարքների կամ արտահայտությունների մեջ։ Ամենուրեք կարող են լինել թյուրիմացություններ, որոնց հաղթահարումը կատարվում է միայն միասնական ուժերով։
Եկեղեցին մի կառույց է, որտեղ ազգանվեր ծրագրերը իրականացվում են տրամաբանական հաջորդականությամբ։ Ազգային արժեքների պահպանման առաքելությունը Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը իրականացնում է հիմնվելով արժեքների և արմատների նկատմամբ հավատարմության, առողջ հավատքի ու առողջ բանականության վրա։ Այս ամենի մեջ համոզվելու համար պարզապես պետք է օգտվել վստահելի աղբյուրներից, մասնավորապես՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական աղբյուրներից և ոչ թէ կերած և ուրացած եկեղեցականներին ու ապակողմնորոշող որոշ պատմաբաններին լսել։
Եթե հայ իրականության մեջ ազգային արժեքները պահպանելու գործում իրեն պատասխանատու համարող ամեն մի անհատ կամ կառույց իր գործով զբաղվի նույն նվիրումով ու հետևողականությամբ, ինչպես դա անում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ապա կհասկանա, որ Հայ Առաքելական Եկեղեցին իր սրբազան առաքելության մեջ է։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Աստվածաբան
ArmAr.am












