Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«Եթե մենք ունենայինք ազգային պետություն` հայրենասեր ղեկավարությամբ, վստահ եղեք, անգամ մեր տարածքների վերադարձման հարցը լուծված կլիներ»

Հոկտեմբեր 23, 2011թ. 02:09

ԼՐԱԳՐՈՂ- Չնայած ծրագրված պայքար է գնում ազգերի դեմ ու ազգային պետության մոդելն անընդունելի է Արևմուտքի համար, սակայն համաշխարհային գործընթացները նաև թույլ են տալիս, որ եթե լինես խելացի, կարող ես առավելագույն օգուտները քաղել երկրիդ համար: Եվ ուրեմն, ի՞նչ անել ամուր ու ազգային պետություն ունենալու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ(ՀՀԿ)– Աշոտ Նավասարդյանը հաճախ էր ասում` «Ժողովրդավարությունը լավագույն միջոցն է ազգի և պետության նպատակներն իրագործելու համար»: Այսինքն, այն դոգմա չէ, այլ պիտի ընդունես ու քո ուղիով առաջ գնաս: ՈՒզում եմ, որ մեր ժողովուրդը հավատա, որ իշխանության համար ազգի, պետության շահը գերակա է ցանկացած ժողովրդավարական պուպուշ խոսքերից:
ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ(քաղաքագետ) -Հայ ազգի գենի, մշակույթի մեջ նստած է արդարության գիտակցումը, դեռ Ֆրիկից սկսած: Եթե մեր ժողովուրդն արդարություն, օրենքի հավասարություն չի տեսնում, նա կորցնում է իր հավատն ու վստահությունը: 1915 թվականին հայ էլիտան չկարողացավ հասկանալ վրահաս աղետի սարսափելի հետևանքներն ու չկողմնորոշվեց իր քայլերում: Այսօր մեր ստրատեգիական էլիտան պարտավոր է գիտակցել, որ Հայաստանի անվտանգությունը` և՛ ներքին, և՛ արտաքին իմաստով, խաթարված է: ՈՒրեմն, պարտավոր է կոնկրետ քայլեր կատարել` դադարել խարդախություն անելուց: Տնտեսատերերը պետք է դուրս մղվեն բոլոր քաղաքական գործընթացներից: Եթե մեկն ունի միլիարդներ, մյուսը` կոպեկներ, ինչպիսի՞ ընտրություն կարող է լինել: Իսկ եկող ընտրությունները պետք է դառնան քաղաքակիրթ ընտրությունների բնագիծ` էլիտայի պատասխանատվությամբ: Իրոք, համաշխարհային իրադրություններից այսօր կարելի էր օգուտներ քաղել, եթե մենք ունենայինք ազգային պետություն` հայրենասեր ղեկավարությամբ, վստահ եղեք, որ հազարավոր հարցեր արդեն լուծված կլինեին, անգամ մեր տարածքների վերադարձման հարցը: Բայց քանի դեռ այս վիճակում ենք, մենք ոչ մի խնդիր չենք կարող լուծել: Ստրատեգիական էլիտան, որը ոչ թե տոմսերը փոխած խորհրդային էլիտան է, այլ երկրի ճակատագրի պատասխանատու քաղաքական, զինվորական, տնտեսական վերնախավը, պետք է առաջին հերթին իր երկրի շահը կարևորի: Եվ միայն այդ ժամանակ կունենանք նախագահի այնպիսի թեկնածու, որը կլինի խորապես ազգային, բայց միաժամանակ ընդունելի հայտնի մայրաքաղաքներում: Իսկ որպեսզի չլինի թելադրվող, երկիրդ պիտի զարգացում ունենա, հաստատվի օրենքի իշխանություն, կազմակերպված ժողովուրդ, կազմակերպված պետություն. կշահենք, եթե դրսի հետ ա՛յս կերպ հարաբերվենք:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն