Թուրքիայի ղեկավարությունն անհրաժեշտ օժանդակություն չի ցուցաբերում վանեցիներին
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հատուկ թղթակիցը Գերմանիայից տեղեկացնում է, որ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում տեղի ունեցած երեկվա երկրաշարժի ժամանակ, Վանից քիչ հեռու գտնվող Արևմտեան Հայաստանի համագումարի նախագահ՝ Արմենակ Աբրահամյանն ուղիղ հեռախոսակապով իրեն ներկայացրել է հետևյալ իրավիճակը : « 7-8 շենք է փլվել Էրջեն քաղաքում, կա 500 ից 1500 զոհ: Վիճակը շատ ծանր է, Վանի քաղաքապետարանը օգնում է , որպեսզի հնարավոր լինի մարդկանց փլատակների տակից դուրս հանել, բայց քանի որ օգնությունը շատ վատ է կազմակերպված, ժամանակն անցնում է, իսկ մարդկանց կյանքը փրկելը դառնում է գրեթե անհնար: Թուրքիայի ղեկավարությունը անհրաժեշտ օժանդակություն չի ցուցաբերում, չկան շտապ օգնության մեքենաներ»: «Սա լուրջ քաղաքական խնդիր է, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին օգնություն կազմակերպել և ուղարկել Արևմտյան Հայաստանում բնակվող ժողովրդին»,-ասել է Արմենակ Աբրահամյանը:
Կարինե Հայրապետյան, Գերմանիա, հատուկ ArmAr.am-ի համար












