Բնությունը ծառայեցվում է նեղ խմբակային շահերին
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. հոկտեմբերի 25–ի Ազգային ժողովի նիստում
Մենք ունենք այսօր երկիր, որը ոչ միայն հայերի բնիկ հայրենիքն է, այլեւ մարդկային ցեղի օրրան է, թանգարան` բաց երկնքի տակ:
Եւ ահա այս երկիր-դրախտավայրի հանդեպ իրականցվող քաղաքականությունը հանգեցրեց արդյունաբերության ի սպառ ոչնչացմանը, գյուղատնտեսության սնանկացմանը, գիտության դերի զրոյացմանը եւ դրանց զուգահեռ, նորանկախ Հայաստանի իշխանություններն իրար փոխարինելով, զբոսաշրջությունը հայտարարեցին տնտեսության զարգացման իբրեւ գերակա ուղղություն:
Այնինչ, կրկնվող եւ համատարած բնույթ է ստացել քարանձավային ժամանակներին բնորոշ, հակաօրինական մեթոդներով համամարդկային արժեք հանդիսացող բնական հուշարձանների եւ վայրերի օգտագործումը` նեղ խմբակային շահերը սպասարկելու համար:
Թռչկանը «սեզոնային օբյեկտ» դարձնելու մարմաջը, Շաքիի ջրվեժը մասնավոր անձանց կողմից որպես նոր բիզնեսի օբյեկտ շահագործելը, երկրի ընդերքը բաց մեթոդով շահագործելը, թունավոր եւ վնասակար, այդ թվում` ռադիոակտիվ թափոնների բնակավայրերին մոտ տարածության վրա հայտնվելը, տարբեր կազմակերպությունների եւ անձանց կողմից մեր երկրի հանդեպ գիշատիչներին ու զավթիչներին բնորոշ դրսեւորումները տարիներ շարունակ այլանդակում եւ աղավաղում են հայրենի հողի եւ բնության պատկերը: Ի վերջո բնապահպանությունը ենթադրում է ոչ միայն զուտ բնության պահպանություն, այլ նաեւ գրագետ տնտեսվարություն է, եւ ոչ միայն ապագա սերունդների, այլեւ ընդհանուր առմամբ մարդկության հանդեպ բոլորիս եւ յուրաքանչյուրիս պարտավորությունն է:
Անպատիժ են մնում Արարատյան դաշտավայրի անապատացման, Սեւանի ճահճացման, սողանքների վտանգի մեծացման, մայրաքաղաքի օդի եւ ջրի աղտոտման, մարդատյաց քաղաքաշինության եւ հանցավոր ժողովրդագրական քաղաքականության համար այսպես կոչված պատասխանատու անձինք, ավելին` խրախուսվում են ներսի եւ դրսի ապազգային ուժերի կողմից:
«Ժառանգություն» խմբակցությունը միանում է հասարակական բոլոր նախաձեռնություններին, որոնք հետեւողական պայքար են մղում համակարգային բնույթ կրող երկրաքանդ եւ հակաժողովրդական քաղաքականության դեմ: Բարձրագույն իշխանություններից եւ պատկան մարմիններից պահանջում ենք հրաժարվել այս հանցագործությունները քողարկելու քաղաքականությունից կամ խոստովանել սեփական անզորությունը եւ հրաժարվել զբաղեցրած պաշտոններից:












