Հայ մտավորակա՞ն, թե՞ հոգով ծախվածներ
Տեր Եսայի– Աղանդների գովքն անողները կամ վարձված են, կամ այլ շահեր են հետապնդում: Աղանդավորների աշխուժացմանը զուգահեռ լսվեց մտավորականների խոսքը, որոնք հանդես եկան ոչ թե հայոց եկեղեցու դեմ, այլ աղանդի պաշտպանության դիրքերից: Ես նրանց հայ մտավորական չեմ համարում: Բագրատյանը գուցե որպես տնտեսագետ կարող է հետաքրքիր առաջարկներ անել, բայց երբ փորձում է ի ցույց դնել իր եկեղեցական գիտելիքներն ու հայ ժողովրդի պատմությանն անդրադառնալ, նրա խոսքում ակնհայտ է աղաղակող անգրագիտությունը: Այդպիսիք պատրաստ են հանուն շահի իրենց հոգին ծախել, ուրեմն ինչպե՞ս կարող են հայ մտավորական կոչվել:
Հրանուշ Բեջանյան– Մեր ազգային եկեղեցու հանդեպ քննադատողի կեցվածք ընդունած այդ մտավորականները մի՞թե անտեղյակ են, որ աղանդները նպատակ ունեն մասնատել ազգը, քայքայել պետությունը, և այդ նպատակը քողարկում են հավատի ու հոգևոր քողի տակ: Հայոց Եկեղեցին կրողն է մեր ազգային արժեքների, դարեր ի վեր չունենալով պետականություն մեր եկեղեցին իր ուսերի վրա է տարել ազգապահպանման կարևորագույն դերը: Զարմանալի է, թե ինչո՞ւ են որոշ մտավորականներ խորշում, երբ եկեղեցին անվանում ենք ազգային: Հայ ազգը առաքելական եկեղեցու հետևորդ է, հետևապես մեր եկեղեցին ազգային է: Հայոց եկեղեցին այն կառույցն է, որը պահում է իմ ազգի տեսակը, բայց դա չի նշանակում, որ այդ տեսակը պահելով դադարում է լինել համամարդկային: Չկա իրական համամարդկային արժեք, որն իր մեջ չներառի ազգայինը, և հակառակը: Հայոց եկեղեցին դարերի ընթացքում ապացուցել է, որ լինելով ազգային, միաժամանակ համամարդկային է, ինչով մենք պետք է հպարտանանք: Հետևությունս մեկն է` այն անձը ով իր կռիվը հայոց եկեղեցու դեմ է ուղղում կնշանակի պայքարի է դուրս եկել հայ տեսակի դեմ:
Ուրեմն, պարոնա’յք, իջեք քննադատի աթոռից, ազնիվ եղեք ինքներդ ձեր խղճի առաջ, ոչ թե հարվածեք, այլ նեցուկ եղեք մեր եկեղեցուն:
ArmAr.am












